Բրատիսլավայում կնշվի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման առաջին տարեդարձը

PanARMENIAN.Net - Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 8-ին Բրատիսլավայում կկայանա միջոցառում` նվիրված Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման առաջին տարեդարձին: Սլովակիան առաջին արեւելաեվրոպական երկիրն էր, որը, դիմակայելով Թուրքիայի ճնշմանը եւ անտեսելով թուրքական կառավարության սպառնալիքներն ու հորդորները, 2004 թ. նոյեմբերի 30-ին ճանաչեց եւ դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից հայտարարեց Եվրամիությանն այդ երկրի անդամակցության նախապայման: Հայաստանը, ի նշան երախտագիտության, Սլովակիային նվիրեց մի հոյակերտ խաչքար` պատվիրված «Նիգ-Ապարան» հայրենակցական միության կողմից, որը տեղադրվեց Բրատիսլավայի կենտրոնում` Դանուբի աջ ափին: Միջոցառումը կսկսվի խաչքարին ծաղկեպսակներ դնելու արարողությամբ, որին հրավիրված են մասնակցելու Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Պավոլ Հրուշովսկին, բանաձեւի ընդունմանը նպաստած պատգամավորներ, Սլովակիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ եւ հայտնի քաղաքական գործիչներ: Հանդիսությանը ներկա են լինելու նաեւ ՄԱԿ-ում խորհրդական Արշալույս Ճգնավորյանը` Ավստրիայից, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հիլդա Չոբոյանը` Փարիզից, Չեխիայի հայ-չեխական «Ուրարտու» ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը եւ այլ համայնքների ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---