Դավութօղլու․ Թուրքիան Հայաստանից չի պահանջնել Ադրբեջանին շրջաններ վերադարձնել, լրագրողների ձեռքի գործն է

Դավութօղլու․ Թուրքիան Հայաստանից չի պահանջնել Ադրբեջանին շրջաններ վերադարձնել, լրագրողների ձեռքի գործն է

PanARMENIAN.Net - Թուրքիան Հայաստանին պահանջներ չի ներկայացրել Ադրբեջանին երկու շրջան հետ տալու վերաբերյալ։ Ինչպես գրում է 1news.az-ը՝ թուրքական ԶԼՄ-ներին հղումով, այդ մասին թուրք Երևանում մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն։ «Վերոնշյալ հարցի հետ կապված բոլոր լուրերը լրագրողների ձեռքի գործն են։ Ամբողջ այդ տեղեկությունը հիմնված է այդ ուղղությամբ նախկին պլանների վրա»,- նշել է Դավութօղլուն։ Նա նաև ասել է, որ նման տեղեկությունները հաճախակի սպեկուլյատիվ բնույթի են։ Թուրքիայի ԱԳ նախարարն այսօր Երևանում մասնակցում էր ՍԾՏՀ նիստին:

Ավելի վաղ թուրքական Sabah թերթը, հայտնելով Երևանի հետ հարաբերություններ հաստատելու Անկարայի որոշ «սենսացիոն» պլանների մասին, գրել էր, որ «Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքերն որոշ կրեատիվ մտքերի ու գաղափարների մասին, որոնք Թուրքիան կցանկանար իրագործել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, նոր իմաստ են ստանում:

Դավութօղլուի ԱՄՆ այցի ավարտին, ինչպես նաև Պուտինի ու Օբամայի հետ Էրդողանի քննարկումներից հետո, պաշտոնական Անկարան պատրաստել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհային քարտեզը:

Մասնավորապես, թերթը գրում էր, որ պաշտոնական Երևանն արդեն բառացի խոստացել է Ադրբեջանին հանձնել երկու ազատագրված շրջան, սակայն Անկարան պահանջել է Երևանից պաշտոնապես հայտարարել այդ մասին: «Եթե Հայաստանի ղեկավարությունը նման հայտարարություն հնչեցնի, Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին կայցելի Երևան՝ ՍԾՏՀ միջոցառմանը»,-գրել էր թերթը: Բայց սա դեռ բավական չէ: Պարզվում է, «եթե հայկական զորքերն առաջին փուլում ազատեն ԼՂՀ մերձակա 7 շրջաններից 2-ը, փոխարենը կկարգավորվեն Հայաստանի հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ»: Թուրքական պարբերականը չի նշում, թե ինչ նկատի ունի «կարգավորում» ասելով:

Ավելի վաղ Today’s Zaman-ն իր դիվանագիտական աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ Թուրքիան դիմել է աջակցության համար Շվեյցարիային, որն, ըստ Անկարայի, պետք է օգնի հանգուցալուծել ղարաբաղյան հակամարտությունը, դրանով իսկ ճանապարհ հարթելով Անկարայի ու Երևանի հարաբերությունների վերականգնման համար: Շվեյցարիա այցելության ժամանակ հոկտեմբերի կեսին Դավութօղլուն հայտարարեց Շվեյցարիայի պաշտոնյաներին, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:

Թուրք նախարարը հասկացրել էր, որ Երևանը «պետք է սկզբից ազատի գրավյալ տարածքները», այսինքն իրականում մեր ազատագրված տարածքները: Ըստ Դավութօղլուի, եթե Շվեյցարիային հաջողվի համոզել Երևանին տարածքները փոխանցել Ադրբեջանին, Անկարան կբացի Հայաստանի հետ սահմանը: Ըստ պարբերականի, շվեյցարացի պաշտոնյաները դրական են արձագանքել Դավութօղլուի առաջարկին: Ըստ աղբյուրների թուրքական ԱԳՆ-ում, Թուրքիան մասնավորապես, մտադիր է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ մինչև 2015 թվականը, այսինքն մինչ Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Թերթը մեջբերում է նաև ոմն «բարձրաստիճան թուրք պաշտոնյայի» մեկնաբանությունը, ըստ որի «Թուրքիան փակել է սահմանը Հայաստանի հետ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ հարևան շրջանների պատճառով»: Ըստ աղբյուրի, Ադրբեջանը հայտարարել է, թե չի առարկի Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի բացման դեմ, եթե Երևանն «ազատի» 7 մերձակա շրջաններից առնվազն 5-ը: «Երևանը նույնպես հայտարարել է, թե պատրաստ է հեռանալ հինգ շրջաններից»,- ամփոփել էր թերթը:

Ի պատասխան այս ամենի Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել էր. «Շինծու աղբյուրների հիմար տեղեկությունները մեկնաբանությունների կարիք չունեն»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---