Սոչիի Օլիմպիադային մնացին հաշված օրեր․ Հայաստանի 4 պատվիրակի անունները հայտնի են

Սոչիի Օլիմպիադային մնացին հաշված օրեր․ Հայաստանի 4 պատվիրակի անունները հայտնի են

PanARMENIAN.Net - Սոչիի Օլիմպիադայում Հայաստանը 4 պատվիրակ կունենա՝ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանն էու դահուկորդներ Կատյա Գալստյանը, Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը: Որոշումը կայացվել է այսօր` հունվարի 21-ին, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահության նիստում։ Միջազգային ֆեդերացիան չորս ուղեգիր էր տրամադրել, որոնցից երկուսը մարզիկներ Արթուր Եղոյանն ու Սերգեյ Միքայելյանը նվաճել էին վարկանիշով:

Հայաստանը պետք է մինչև հունվարի 27-ը միջազգային ֆեդերացիա ներկայացնի իր չորս ներկայացուցչի անունները:

Օլիմպիադան փետրվարի 7-ից՝ 23-ն է։ Հիմնականում խաղերը կանցնեն Սոչիում, միայն որոշ սպորտաձևերի մրցաշարեր կկայանան Կրասնայա Պոլյանա բնակավայրում։

Սոչին որպես 2014-ի Օլիմպիադայի մայրաքաղաք ընտրվել է 2007-ի հուլիսի 4-ին Գվատեմալայում ՄՕԿ-ի 119-րդ սեսիային։ Ռուսաստանում խաղերը կկայանան արդեն երկրորդ անգամ (դրանից առաջ Մոսկվայում 1980-ին անցել է XXII Ամառաին Օլիմպիադան)։ Խաղերի ավարտին նույն տեղում կանցնեն նաև 2014-ի Ձմեռային պարալիմպիական խաղերը։ Երկուսի նախապատրաստմամբ էլ զբաղվում է «Սոչի 2014» կազմկոմիտեն:

Նախորդ՝ 2010-իՎանկուվերի խաղերի համեմատ մրցույթների քանակն այս տարի ավելացել է 12-ով, 98 կոմպլեկտ մեդալ է հանձնվելու։

2010-ի մարտի 1-ին Ձմեռային օլիմպիադայի փակմանը ՄՕԿ նախագահ Ժակ Ռոգեն օլիմպիական դրոշը փոխանցել էր Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովին։ Դրանից երեք ամիս առաջ նախագահը ներկայացրել էր օլիմպիական Սոչիի լոգոտիպը։ 2011-ին ընտրվել էին գալիք խաղերի թալիսմանները՝ Սպիտակ արջը, ձնե Հովազն ու Նապաստակը։ Խաղերի մեկնարկից 500 օր առաջ «Սոչի 2014»-ը հայտարարել էր կարգախոսը՝ «Թեժ․ ձմեռային․ քոնը»։

Խաղերի ջահի փոխանցումավազքը Մոսկվայում մեկնարկել էր 2013-ի հոկտեմբերի 7-ին, որտեղ հասել էր Աթենքից: Այս փոխանցումավազքն Օլիմպիադայի պատմությունում ամենաերկարն էր՝ 123 օր․ այն նաև անցել է ռեկորդային՝ 40 հազար կմ ճանապարհ:

Օլիմպիական խաղերի կազմակերպմանը 214 մլրդ ռուբլի է հատկացվել, որոնցից 100 մլրդ-ը պետական ֆինանսավորումից է, 114-ը ներդրողների հատկացրածն է։ Դրանում ներառված չէ ենթակառուցվածքի վրա ծախսված գումարը։ Ընդհանուր ծախսը մոտ 1526 մլրդ ռուբլի կամ 37,5 մլրդ եվրո է կազմում։

Օլիմպիադայի օրերին չգրանցված մեքենաները չեն կարող մուտք գործել քաղաք։ Օրինախախտողները կզրկվեն համարներից։ Ընդհանուր առմամբ, Օլիմպիադայի ընթացքում մուտքը քաղաք սահմանափակ կլինի բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---