Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի

Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի

PanARMENIAN.Net - Քաղաքական գործիչ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, որը վերջին 1 ամսում բնակություն է հաստատել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում, մեղադրանք չի առաջադրվել, ապրիլի 26–ին պետք է ազատ արձակվի։ Այդ մասին փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Ապրիլի 23-ին Տավուշում տեղի ունեցած ակցիաների ժամանակ բերման են ենթարկել «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության անդամներին` քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, ինչպես նաև շարժման անդամ Միքայել Մարտիրոսյանին։ Բոլորն ազատ էին արձակվել, բացի Պետրոսյանից։

«Այսօր լրանում է Սուրեն Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը։ Առավոտյան ժամը 08։10–ին լրացել է այն ժամանակը, երբ ՔԿ–ն կարող էր կալանքի միջնորդություն ներկայացնել։ Դա չէր կարող լինել, որովհետև պետք է մեղադրանք առաջադրվեր, սակայն չի առաջադրվել։ Նշանակում է, որ Սուրեն Պետրոսյանը պետք է որ ազատ արձակվի»,– ասել է Մելիքյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Քրեական վարույթուվ Սուրեն Պետրոսյանը կասկածվում է խուլիգանության, գույքի ոչնչացման և այլ անձի նկատմամբ ֆիզիկական ներգործության համար։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---