Վերջին լուրերն Ուկրաինայից. 80 զոհ, համաձայնություն ընդդիմության հետ ու արտահերթ ընտրություններ (թարմացված)

Վերջին լուրերն Ուկրաինայից. 80 զոհ, համաձայնություն ընդդիմության հետ ու արտահերթ ընտրություններ (թարմացված)

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման մասին: Համապատասխան հայտարարությունը երկրի ղեկավարի պաշտոնական կայքում է:

Նախագահը նշել է, որ նախաձեռնում է վերադարձը 2004-ի նմուշի Սահմանադրությանը, ինչը նշանակում է լիազորությունների վերբաշխում նախագահից խորհրդարանին: Յանուկովիչը նաև կոչ է արել ազգային վստահության կառավարություն ձևավորել՝ չճշտելով, թե ով է լինելու նախարարների նոր կաբինետի կազմում: Յանուկովիչի հայտարարության մեջ ոչինչ չի ասվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, ինչը պահանջում էին ընդդիմության ներկայացուցիչներն ու Եվրամիությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ միավորված ուկրաինական ընդդիմությունը հավանություն է տվել իշխանությունների հետ համաձայնությանը, որով սահմանադրական բարեփոխում, կոալիցիոն կառավարության ստեղծում ու վաղաժամ ընտրություններ է նախատեսվում: Նման որոշում են կայացրել «Բատկիվշչինա», «Ուդառ» և «Ազատություն» կուսակցությունների անդամները: Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Վիտալի Զախարչենկոն հայտնել է անկարգությունների հետևանքով 80 սպանվածների մասին: Ըստ նրա, իրավապահ մարմինները զենք են կիրառել, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Կիևում ծայրահեղականների ու միլիցիայի բախումների հետևանքով զոհերի քանակն արդեն հասել է 77, տեղեկացնում է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը: Բուժօգնության համար դիմել է մոտ 600 ցուցարար, կեսից ավելին հոսպիտալացվել է:

Չնայած, որ Գերմանիայի, Ֆրանսիայի ու Լեհաստանի ԱԳ նախարարների բանակցություններն Ուկրաինայի իշխանությունների ու ընդդիմության հետ ավարտված չեն, Եվրամիությունը որոշել է Ուկրաինայի դեմ պատժամիջոցներ սահմանել: Դրանք ներառում են վիզաների հանձնման արգելք, ակտիվների սառեցում և զենքի առաքումների էմբարգո: Անձանց ցուցակը, ում վրա կտարածվեն պատժամիջոցները, չի հրապարակվում: Սակայն արդեն հասկանալի է, որ առաջին հերթին պատժամիջոցները կկիրառվեն երկրի պաշտոնյաների դեմ: Ռուսաստանը հայտարարել է, որ այդպիսի պատժամիջոցները ոչ թե ճգնաժամից դուրս գալու միջոց են, այլ շանտաժ, գրում է «Դելայթ Նովոստին»:

Ինչպես հայտնում է Apollo-ն, ցուցարարները Կիևում փետրվարի 21-ին ազատ են արձակել ներքին զորքերի զինծառայողներին, որոնց երեկ առավոտյան գերել էին Մայդանում: Մոտ 600-700 «մայդանցի» դուրս է բերել նրանց քաղաքի կենտրոնից, պաշտպանելով դատաստանից, որը պահանջում էին առավել ծայրահեղական ակտիվիստները: Գերված զինծառայողները լքել են Կրեշչատիկը ակտիվիստների բացած միջանցքով: Ըստ որոշ տվյալների, գերված զինծառայողները Ներքին զորքերի ինստիտուտի ուսանողներ էին՝ ժամկետային կուրսանտներ:

Մինչդեռ, ինչպես հայտնում է «Ֆեդերալ Պրեսը», Օդեսայի խանութներում և բենզալցակայաններում հսկայական հերթեր են գոյացել: Ըստ բնակիչների, քաղաքում վերջանում է սննդամթերքը, արդեն հացի ու ձավարեղենի պակաս կա: Բոլոր խանութներում հայտարարություն է փակցված, որ բանկային քարտերը չեն ընդունվում: Բացի այդ, Օդեսայում խափանվել է բենզինի մատակարարումը, լցակայանների մի մասը փակ է:

Կիևի կենտրոնում առավոտյան կրկին վերսկսվել են ցուցարարների ու միլիցիայի միջև բախումները, տեղեկացնում էՈւկրաինայի ՆԳՆ կայքը:

Անկարգությունների մասնակիցները ժամը 12:15-ին կրակ են բացել ու փորձել գրոհել Գերագույն ռադան, որտեղ խորհրդարանի նիստն էր: Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է Lenta.ru-ն: Նիստում խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակը հակաահաբեկչական գործողության կասեցման մասին հրամանագիր է ստորագրել: Փաստաթուղթն ուժայիններին արգելում է Ուկրաինայի քաղաքացիների դեմ ցանկացած զենք կամ հատուկ միջոց կիրառել: Որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից:

Ավելի վաղ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է միանա միջնորդական առաքելությանը, որի նպատակն է ճգնաժամային իրավիճակի կարգավորումն Ուկրաինայում: «Հուսով եմ՝ Պուտինը գիտակցում է. եթե նա պատասխանատվության զգացումով չօգտագործի իր ամբողջ ազդեցությունը, ապա արդյունքում կստացվի, որ նա համաձայնություն տվեց հետագա արյունահեղության համար»,- գերմանական Phoenix հեռուստաալիքի եթերում հայտարարել է Շուլցը:

Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման մասին համաձայնությունը պետք է ստորագրվի այսօր, Մոսկվայի ժամանակով 14:00-ի, հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմը:

«Ավարտվել են քաղաքական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ բանակցություններն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, ընդդիմության առաջնորդների, ԵՄ ու ՌԴ ներկայացուցիչների մասնակցությամբ: Կողմերը պայմանավորվել են նախաստորագրել համաձայնությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:

Ավելի վաղ Կիևի Մայդանում իրավիճակի սրացման հետևանքով միլիցիային թույլատրվել էր հրազեն կիրառել: Ուկրաինայի իշխանությունները ծայրահեղականներիցպահանջել էին կամավոր հանձնել զենքը, հայտնում է Chaspik-ը:

Առավոտյան Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի տեղակալ Յուրի Դումանսկին հրաժարական է տվել, իր իսկ խոսքերով, զինվորականներին քաղաքացիական դիմակայության մեջ ներքաշելու քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով:

«Այսօր զինվորականներին ներքաշում են քաղաքացիական դիմակայության մեջ, ինչն անթույլատրելի է: Դա կարող է հանգեցնել ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ քաղաքացիների մահվան, ինչը չի կարելի թույլ տալ: Սա իմ դիրքորոշումն է, որպես քաղաքացու, սպայի, ղեկավարի, որը պատասխանատու է իր ենթակաների համար: Ուստի հրաժարական եմ տալիս»,- հայտարարել է Դումանսկին, գրում է Newsru.com-ը:

Փետրվարի 18-ին Ուկրաինայում սկսվեց անկարգությունների նոր ալիք: Ուկրաինայի հատուկջոկատայինները երեքշաբթի երեկոյան սկսեցին Մայդանի վրանային ճամբարի գրոհը: Կիևում փողոցային դիմակայության երկուս ու կես ամսվա ընթացքում սա ուժայինների ամենախոշոր գործողությունն էր: Այժմ Մայդանը վերածվել է մի ամրոցի, որտեղ փորձում են պաշտպանվել մնացած ցուցարարները: Ցուցարարները քարեր, «Մոլոտովի կոկտեյլներ» ու պայթուցիկներ են կիրառում «Բերկուտի» դեմ, վերջիններս՝ ջրանետ մեքենաներ ու արցունքաբեր գազ:

Բացի այդ ցուցարարները նաև հրազեն են կիրառում իրավապահների դեմ՝ որսորդական հրացաններ, Կալաշնիկովի ավտոմատներ ու դիպուկահարների հրացաններ: Գերագույն Ռադայի պատգամավոր Օլեգ Ցարյովը հայտարարեց, որ ցուցարարները Կիևի կենտրոնում արդեն զինված են նռնականետներով ու գնդացիրներով:

Կեսօրին մոտ Ուկրաինայի իշխանությունները ցուցարարներին մեկ ժամ տվեցին արյունահեղությունը դադարեցնելու ու կորուստները հաշվելու համար, սակայն ակտիվ գործողություններ դրան չհաջորդեցին:

Գերագույն ռադան արտահերթ նիստում արգելեց «Բերկուտի» մարտիկներին մարտական զենք կիրառել: Պատգամավորները ձայների մեծամասնությամբ որոշեցին ետ քաշել զորքերն ու վերադարձնել նրանց զորամասեր:

Նախագահ Յանուկովիչը, բանակցելով Ֆրանսիայի, Գերմանիայի ու Լեհաստանի ԱԳ նախարարներ Լորան Ֆաբիուսի, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ու Ռադոսլավ Սիկորսկու հետ, համաձայնվեց արտահերթ ընտրություններ անցկացնել:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---