ՌԴ-ն մուտքի հատուկ արտոնագրեր է սահմանել քաղաքացիության համար դիմող ռուսալեզու անձանց համար

ՌԴ-ն մուտքի հատուկ արտոնագրեր է սահմանել քաղաքացիության համար դիմող ռուսալեզու անձանց համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդուման օգոստոսի 4-ին օրինագիծ է ընդունել, ըստ որի նախատեսվում է պարզեցված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրել ռուսաց լեզվի կրողներ հանդիսացող օտարերկրացիներին: Մուտքի արտոնագիրը 1 տարի ժամկետով կտրամադրվի քաղաքացուն ռուսալեզու ճանաչվելու վերաբերյալ որոշման հիման վրա: Իսկ քաղաքացիություն ստանալու կարգը 3 ամսից ոչ ավելի կպահանջի:

Նորարարությունները կապված են Ռուսաստանի գործող օրենսդրությունում կատարվող փոփոխությունների հետ: Փոփոխությունները ներառում են նաև քաղաքացիության տրամադրման ժամկետների կրճատում, բնակության թույլտվության արագացված ձևակերպում, նույնիսկ առանց երկրում ժամանակավոր բնակվելու իրավունքի: Այդ ուղղումների շրջանակում հաստատվեց օտարերկրացիների համար նախատեսված այցեքարտի նոր տեսակ՝ «հասարակ» այցեքարտ մեկ տարի ժամկետով:

Հարկ է հաշվի առնել, որ պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթեր ներկայացնելու համար պետք է մշտապես բնակվել ՌԴ տարածքում:

Այդ նորարարություններն ուժի մեջ կմտնեն Դաշնության խորհրդի և նախագահի հավանությանն արժանանալուց հետո: Իսկ առայժմ օրինագիծը ստացել է միայն Պետդումայի հավանությունը, գրում է Novasmile.ru-ն:

Հունիսի 24-ինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք ստորագրեc, որով երկրի տարածքում բնակվող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց որոշ կատեգորիաների համար հեշտացվում է ՌԴ քաղաքացիություն ստանալը: Օրենքը միտված է ՌԴ քաղաքացիության շնորհման պարզեցմանն օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող այն անձանց համար, որոնք բնակվում են երկրի տարածքում, գործարարներ են, ներդրողներ, որակյալ մասնագետներ, ՌԴ կրթական հաստատությունների շրջանավարտներ: Օրենքը նաև տարածվում է այն օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց վրա, որոնք մշտապես բնակվում են ՌԴ տարածքում և ճանաչվել են ռուսալեզու:

Վլադիմիր Պուտինը ևս մեկ օրենք է ստորագրել, համաձայն որի օտարերկրացի լրագրողները, որոնք եկել են աշխատելու ԶԼՄ-ներում, այլևս պարտավոր չեն տիրապետել ռուսերենին, իմանալ Ռուսաստանի պատմությունն ու ռուսական օրենսդրության հիմքերը:

Ապրիլի 21-ին նախագահ Պուտինը ստորագրեc ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական դրության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաստաթուղթը: Օրենքով՝ Ռուսաստանում ժամանակավոր կեցության կամ աշխատանքի համար դիմող օտարերկրացիները պարտավոր են հաստատել ռուսերենի իրենց իմացությունը:

Օրենքի առանցքային դրույթ է համարվում արտերկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց ռուսաց լեզվի կրողներ համարելը: Ըստ փաստաթղթի, անձը ռուսալեզու կարող է ճանաչվել համապատասխան հանձնաժողովում հարցազրույցից հետո, որը ձևավորում է ՌԴ ԴՄԾ-ն:

Ինչպես պարզաբանել է ՌԴ ԴՄԾ ղեկավարի առաջին տեղակալ Եկատերինա Եգորովան, «հատուկ հանձնաժողովում կընդգրկվեն կրթության ոլորտում աշխատող մասնագետներ ու ռուսաց լեզվի մասնագետներ»: «Հանձնաժողովը նպատակ չի ունենալու գնահատել հայցորդի գրագիտությունը, օրինակ, թելադրության միջոցով, հիմնական չափանիշը կլինի ազատ տիրապետումն ու լեզվի կիրառումն առօրյա կյանքում»,- պարզաբանել է նա:

Հրաժարվելով այլ երկրի քաղաքացիությունից՝ Ռուսաստանում բնակվող օտարերկրացիները կարող են ՌԴ քաղաքացիություն ստանալ պարզեցված կարգով առանց պահպանելու ՌԴ տարածքում 5 տարի մշտական բնակության պահանջը բնակվելու իրավունքի հիման վրա և անհրաժեշտ մակարդակով ռուսաց լեզվին տիրապետելու հիման վրա: Բացի այդ նման քաղաքացիների համար նոր հիմք է առաջանում վիզաների տրամադրման համար՝ ռուսալեզու ճանաչված անձանց մուտքը ՌԴ պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալու նպատակով արագացնելու համար: Նշված անձանց վիզայի այդ տեսակը կտրամադրվի 1 տարով:

Ռուսալեզու ճանաչված օտարերկրացիների համար երկարացվում է ՌԴ տարածքում ժամանակավոր կացության ժամկետը, եթե նրանք դիմում են ներկայացրել ՌԴ քաղաքացիություն կամ, բնակվելու իրավունք ստանալու համար: Բնակվելու իրավունք անձանց այս կատեգորիային տրվում է 3 տարի ժամկետով առանց ժամանակավոր կացության թույլտվություն նախապես ստանալու, սակայն չեղյալ է համարվում, եթե նշված անձը երկու տարում դիմում չի տվել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---