Թուրքիայի ԿԸՀ-ն արգելել է Էրդողանի նախընտրական հոլովակն ընտրողների կրոնական զգացմունքները շահագործելու պատճառով

Թուրքիայի ԿԸՀ-ն արգելել է Էրդողանի նախընտրական հոլովակն ընտրողների կրոնական զգացմունքները շահագործելու պատճառով

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԿԸՀ-ն արգելել է երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողնի նախընտրական հոլովակը նախագահական նախընտրական արշավի շրջանակում: Այդ մասին հայտնում է Trend գործակալությունը Haber7 հեռուստաալիքին հղումով:

Արգելքի պատճառն է գովազդային հոլովակում ազանի՝ աղոթականչի, և այլ կրոնական ատրիբուտների օգտագործումը:

Ինչպես ասվում է, Թուրքիայի ԿԸՀ-ն գնահատել է դա որպես կրոնական զգացմունքների շահագործում: Ըստ հեռուստաալիքի, այդ երկրի իշխող կուսակցությունը խստորեն քննադատել է ԿԸՀ որոշումը:

Ավելի վաղ ԿԸՀ-ն արգելել էր նաև իշխող կուսակցության գովազդային հոլովակը տեղական մարմինների ընտրությունների ժամանակ, որ տեղի ունեցան մարտի 30-ին: Արգելքի պատճառ դարձավ գովազդում թուրքական դրոշի օգտագործումը:

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ, CHP) օգոստոսի 6-ին հայտարարեց, որ պատրաստվում է դատի տալ երկրի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր հրապարակային արտահայտություններում հայերի հանդեպ ռասիզմի ու ատելության դրսևորման համար:

Ելույթ ունենալով NTV-ի «Խոսում են թեկնածուները» հեռուստահաղորդման ուղիղ եթերում՝ Էրդողանը, անդրադառնալով իր էթնիկ ծագման մասին շրջանառվող լուրերին, ասել էր. «Իմ մասին ինչեր ասես, որ չեն ասել, շատ են վիրավորել, վրացի են անվանել, դեռ ավելի վատ, կներեք՝ բայց նույնիսկ հայ են անվանել: Բայց ասեմ` ես հորիցս և մորիցս իմացել եմ, որ թուրք եմ: Աշխարհում ոչ մի քաղաքական գործիչ չէր հանդուրժի այսքան վիրավորանքներ իր հասցեին, բայց միշտ համբերատար եմ եղել: Թող յուրաքանչյուրն իրեն անվանի ինչպես ուզում է՝ թուրք, քուրդ, դրանում ոչ մի վատ բան չկա: Ես հպարտ եմ, որ թուրք եմ»,- ասել է Էրդողանը:

CNN լրատվականի թուրքական ծառայության տեղեկացմամբ, «Ժողովրդահանրապետական» կուսակցության պատգամավոր Հուրշիթ Գյունեշը, անդրադառնալով հեռուստաեթերից Էրդողանի հնչեցրած արտահայտություններին, ասել է. «Դա թշնամական պահվածք է: Փաստորեն, ըստ քրեական օրենսգրքի և սահմանադրության, վարչապետը ատելության արտահայտման հանցանք է գործել»: Գյունեշը հավաստիացրել է, որ այսօր գնալու է դատախազություն և Էրդողանին պատասխանատվության ենթարկելու պահանջով հայց է ներկայացնելու:

Հուլիսի 1-ին Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրեց վարչապետ Էրդողանի թեկնածությունը: Ինչպես հայտարարել է Էրդողանը դրան նվիրված ելույթում, օգոստոսյան ընտրությունները պետք է «նոր դարաշրջանի հանգրվան» դառնան երկրի պատմության մեջ: «Եթե ինձ ընտրեք նախագահ, ես կպաշտպանեմ ժողովրդի շահերը»,-խոստացել է քաղաքական գործիչը: Մինչ այդ Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Ղըլիչդարօղլուն և «Ազգայնական շարժման» նախագահ Դևլեթ Բախչելին միասնական թեկնածու առաջադրեցին՝ Էքմելեդդին Իհսանօղլուին: Դատախազական «Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը» իր թեկնածու հայտարարեց Սելահադդին Դեմիրթաշին:

Նախագահական ընտրությունները Թուրքիայում օգոստոսի 10-ին են: Եթե թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չստանա անհրաժեշտ ձայների 51 տոկոսը, երկրորդ փուլը կանցնի օգոստոսի 24-ին: Գործող նախագահ Աբդուլլահ Գյուլի նախագահության 7-ամյա ժամկետն ավարտին է մոտենում օգոստոսի 28-ին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---