Հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցումը կհետաձգվի

Հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցումը կհետաձգվի

PanARMENIAN.Net - ՀՀ-ում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը հետաձգելու մասին առաջարկն ընդունելի է, կառավարության այսօրվա՝ ապրիլի 2-ի նիստում ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, սակայն ավելացրել, որ ժամկետի հստակ սահմանումը քննարկելու կարիք կա:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը կառավարությանն առաջարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարել և ՀՀ-ում հեռուստատեսության անալոգային հեռարձակումից թվայինի անցման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականը:

«Թվայնացմամբ կազատականացվեն որոշակի քանակությամբ հաճախականային տիրույթներ, որոնց հատկացման հետևանքով պետբյուջե կապահովվեն զգալի ֆինանսական մուտքեր, նշված ժամկետում անալոգային ցանցի գործունեության ապահովման համար ծախսերը գրեթե կկրկնապատկվեն՝ հաշվի առնելով անալոգային ցանցի պահպանման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները»,- նշել է նախարարը, գրում է Panorama.am-ը:

Ըստ Գ.Բեգլարյանի՝ ներկայացված փոփոխությունները չեն ներառում կարգավորման ենթակա հարաբերություններն ամբողջությամբ: Անալոգային հեռարձակումից թվային հեռարձակման անցման հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնց կարգավորումը նույնպես պահանջում է օրենսդրական փոփոխություններ և լրացումներ. մասնավորապես, իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների լիցենզավորման կարգն ու պայմանները, ռադիոյի թվային հեռարձակումն ապահովելու նպատակով ռադիոհեռարձակողների լիցենզավորման կարգն ու պայմանները:

2014-ի հոկտեմբերի 16-ին Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանի ողջ տարածքում հեռուստատեսային հեռարձակման անալոգային համակարգից 2015-ի հուլիսի 10-ից անցում կկատարվի թվային համակարգի: Թվայնացման գործընթացը կիրականացնի հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված շվեդական «Էրիքսոն» կազմակերպությունը։

Թվայնացման տեխնիկական առաջադրանքը 12 մլն դոլար էր գնահատվել, որից անհրաժեշտ սարքերի ու սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված է ավելի քան 8 մլն դոլար: Ավարտվել է Երևանի գլխամասային կայանի և մարզային 5 կայանների տեխնիկական տարածքների վերանորոգման և համապատասխանեցման աշխատանքները։ Մարզային միկրովերահաղորդիչ կայաններում տեղադրելու համար ձեռք է բերվել 95 նոր աշտարակ և 150 հեռահաղորդակցման խցիկ:

Հեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցնելուց հետո Երևանի և մերձակա բնակավայրերի բնակիչները, հնարավորություն կունենան բացառապես անվճար դիտելու 18, իսկ մարզային բնակավայրերում՝ 9 հեռուստածրագրեր։ Ներկայում գոյություն ունեցող բոլոր ալիքները ներառված կլինեն սոցիալական փաթեթի մեջ: Հայաստանի բնակչության ունեցած հեռուստացույցների մեծ մասը թվային չէ։ Թվային հեռուստատեսություն դիտելու համար մարդիկ պետք է նոր հեռուստացույց գնեն կամ ձեռք բերեն դեկոդեր, որը թվային ազդանշանը կդարձնի անալոգային։ Սոցիալական բաղադրիչ ունեցող անապահով ընտանիքներին դրանք կտրամադրվեն անվճար, մյուսներին՝ մատչելի գներով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---