Տիգրան Կիրակոսյանը` սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Տիգրան Կիրակոսյանը` սամբոյի Եվրոպայի չեմպիոն

PanARMENIAN.Net - Խորվաթիայի Զագրեբում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2015-ի առաջնության մրցումների առաջին օրը՝ մայիսի 15-ին, մրցագորգ է դուրս եկել Հայաստանի 5 մարզիկ, որոնցից երեքը մեդալներ են նվաճել: 52 կգ քաշային կարգում ՀՀ-ն ներկայացնող Տիգրան Կիրակոսյանը սամբոյի Եվրոպայի չեմպիոն է դարձել, 57 կգ քաշայիններից Էռնեստ Հայրապետյանը՝ երկրորդ տեղն է զբաղեցրել, իսկ 74 կգ քաշային կարգում Մավրիկ Նասիբյանը՝ երրորդ:

Տիգրան Կիրակոսյանը Եվրոպայի երիտասարդների չեմպիոն է, 2010-իԵվրոպայի բրոնզե մրցանակակիր:

Ի դեպ, մեր երեք մեդալակիրներն էլ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են, տեղեկացնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Մյուս մարզիկները պայքարի մեջ կմտնեն մայիսի 16-ին և 17-ին:

Որպես առանձին մարզաձև սամբո ըմբշամարտը ստեղծվել է 20-րդ դարի 20-ական թվականներին` ԽՍՀՄ-ում, որպես բանակի, ներքին զորքերի և ազգային անվտանգության մարմինների ծառայողների ինքնապաշտպանության միջոց և գրանցվել 1938-ի նոյեմբերի 16-ին: Սամբո բառը ռուսերեն հապավում է, որ նշանակում է «ինքնապաշտպանություն առանց զենքի»: Մարզաձևը տարբեր ժողովուրդների ազգային ըմբշամարտերի ձևերի համադրում է, որոնցից մեկն էլ հայ ազգային «Կոխ» կոչվող մարզաձևն է` իր առանձնահատկություններով ու կանոններով:

Պատմության համաձայն, դեռևս վաղ անցյալում Հայաստանում մեծ տարածում ու զարգացում ունեին մենապայքարային ձևերը, որոնցում առանձնահատուկ տեղ ուներ ըմբշամարտը, ինչը պայմանավորված էր հայկական լեռնաշխարհում հաճախակի մղվող պատերազմներով, որոնց ելքը հաճախ վճռվում էր հենց ձեռնամարտերում, հետևաբար` հնում անչափ կարևորվում էր մենապայքարային արվեստին կատարելապես տիրապետումը:

Հայկական սամբոյի վերելքի տարիներ են համարվում 1970-80 թթ., երբ ԽՍՀՄ և միջազգային մրցասպարեզներում երևանցի հայաստանցի առաջին Աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանը, Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի հաղթող ու մրցանակակիրներ Գագիկ Ղազարյանը, Գուրգեն Թութխալյանը, Հովիկ Մանուկյանը, Արթուր Գրիգորյանը, Երվանդ Գրիգորյանը, Վահան Խոջայանը, Վարդան Ոսկանյանը, ապա` Քրիստինե Նաջարյանը, Գոհար Գևորգյանը, Արևիկ Կարապետյանը, Զոյա Խաչատրյանը, Իրինա Բաղդասարյանը, Մարիամ Հովհաննիսյանը, Ալլա Ավագյանը և այլոք:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---