Արտահերթ ընտրություններ Հունաստանում. Ցիպրասի երրորդ հաղթանակը 2015-ին

Արտահերթ ընտրություններ Հունաստանում. Ցիպրասի երրորդ հաղթանակը 2015-ին

PanARMENIAN.Net - Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը տոնում է երրորդ հաղթանակը ընթացիկ տարում` նրա գլխավորած «Սիրիզա ծայրահեղ ձախակողմյան ուժերի կոալիցիա» կուսակցությունը վստահ հաղթանակ է տարել արտահերթ խորհրդարանական ընտրություններում` առաջ անցնելով «Նոր ժողովրդավարության» պահպանողականներից ավելի քան 7 տոկոսային կետով: Մինչ ընտրությունը տարբերությունը նրանց միջև չնչին էր:

«Նոր ժողովրդավարության» առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Վանգելիս Մեյմարակիսն արդեն շնորհավորել է Ցիպրասին, իսկ Սինտագմա հրապարակում խորհրդարանի առջև պարում ու երգում են Ցիպրասի կողմնակիցները:

Ուրախանալու առիթ կա` թեև Ցիպրասը մեծամասնություն չի ստանա խորհրդարանում, սակայն կարող է կառավարություն ձևավորել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Խորհրդարան են անցել նաև Ցիպրասի վաղեմի գործընկերը կոալիցիայում` «Անկախ հույներ» աջակողմյան կուսակցությունը, որը գլխավորում է Փանոս Կամմենոսը: Երկուսով նրանք կարող են կոալիցիոն կառավարություն ձևավորել` չդիմելով այլ կուսակցությունների աջակցությանը:

Ըստ ՆԳՆ նախնական տվյալների, Ցիպրասը կունենա 145 տեղ խորհրդարանում, իսկ Կամմենոսը` 10, օրենքներ անցկացնելու համար անհրաժեշտ է 151 տեղ:

Թեև «Սիրիզան» նախորդ ընտրությունների համեմատ 4 տեղ կորցրեց, կուսակցությունը կարող է գոհ լինել արդյունքներից: Այն բանից հետո, երբ Ցիպրասը խախտեց իր նախընտրական խոստումներն ու նոր համաձայնագիր կնքեց վարկատուների հետ, նախկին դաշնակիցներից շատերը նրան դավաճան համարեցին և Ցիպրասը խիստ քննադատության ենթարկվեց: «Սիրիզայի» խմբակցության մոտ 40 անդամ հրաժարվեց սատարել նրա քաղաքականությանը: Այդ պառակտումն էլ հանգեցրեց արտահերթ ընտրությունների:

Նախընտրական արշավի ժամանակ Ցիպրասն ամեն կերպ պաշտպանում էր վարկատուների հետ հուշագիր կնքելու իր որոշումը խիստ տնտեսման ծրագրի դիմաց, որով նախատեսվում է 86 մլրդ եվրո հատկացնել երկրին: Այդ գումարով պետք է մարվեն նախկին կառավարությունների պարտքերը:

Փոխարենը վարկատուները պահանջել են կրճատել թոշակների և աշխատավարձերի ծախսերը, աշխատատեղերի նոր կրճատումներ անել պետհատվածում: Այդ միջոցներից մի քանիսն արդեն ընդունել է նախորդ խորհրդարանը, իսկ մինչ տարեվերջ Հունաստանը պետք է ընդունի ևս 150 օրենք բարեփոխումների իրականացման համար, այդ թվում 50 օրենքը նախապայման են հունական տնտեսության վարկավորումը շարունակելու համար:

Ըստ մեկնաբանների, Ցիպրասը շտապում էր արտահերթ ընտրությունների հարցում, քանի դեռ ժողովուրդը չի զգացել նոր միջոցների ամբողջ բեռը: Սեպտեմբերին կսկսվեն լրացուցիչ գանձումները կենսաթոշակներից, իսկ ԱԱՀ բարձրացումն արդեն հանգեցրել է առնվազն 10 տոկոս գնաճի մի շարք ապրանքների վրա:

Մինչդեռ, Ցիպրասի սոցիալական քաղաքականությունն ավելի մեծ վստահություն է վայելում Հունաստանի բնակչության շրջանում, քան պահպանողականներինը:

Հիմա հարցն այն է, թե ինչպես նոր կառավարությունը կիրագործի հուշագրի դրույթները: Կամմենոսը հայտարարել է, որ սեպտեմբերի 21-ին սկսելու է քննարկումները Ցիպրասի հետ նոր կառավարության ստեղծման ուղղությամբ` նշելով, որ նոր իշխանությունների նպատակն է դադարեցնել խիստ տնտեսման քաղաքականությունը և կասեցնել անկումը տնտեսության ոլորտում: Թե ինչպես են այս հայտարարությունները համաձայնեցվում Ցիպրասի պարտավորությունների հեռ, դեռ հայտնի չէ:

Իսկ առայժմ Ցիպրասը շնորհավորանքներ է ընդունում արտերկրի առաջնորդներից: Հավանաբար, Ցիպրասն արդեն մտավախություն չի առաջացնում արևմտյան գործընկերների շրջանում:

Հարցն այն է, թե արդյոք բոլորը «Սիրիզա» խմբակցությունում կսատարեն նրա քաղաքականությանը, եթե այն հանգեցնի նոր զրկանքների:

Հունաստանն ու նրա վարկատուները համաձայնության են եկել բարեփոխումների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ էին այդ երկրին օգնության երրորդ ծրագրի շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի համար: Բրյուսելի գագաթնաժողովը միաձայն համաձայնության եկավ, որը լուրջ ֆինանսական բարեփոխումներ է ենթադրում և ֆինանսական աջակցություն: Խոսքը 82-86 մլրդ եվրո արժողությամբ 3-ամյա ծրագրի մասին է, այն պայմանով, որ Հունաստանը արդեն առաջիկայում կշարունակի առանցքային բարեփոխումները, այդ թվում կենսաթոշակային, սննդամթերքի շուկայի և աշխատանքի բորսայի բարեփոխումները:

Հունաստանն, իր հերթին պետք է մասնավորեցնի 50 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ օբյեկտներ: «Ինտերֆաքսը» Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումի վրա հղումով հայտնում է, որ գումարը փոխանցվելու է հատուկ հիմնադրամի: Այդ միջոցների մի մասը` 25 մլրդ եվրո, կօգտագործվի հունական բանկերի վերակապիտալիզացման համար: Եթե Հունաստանի խորհրդարանը հաստատի համաձայնագիրն առաջիկա 2 օրերին, մյուս երկրների խորհրդարանները կկարողանան սեփական քվեարկությունը կազմակերպել այդ հարցի վերաբերյալ, հավելել է նա:

Ճգնաժամի ընթացքում Հունաստանին հատկացվել է 240 մլրդ եվրո վարկ, որոնք, սակայն «կորան» անարդյունավետ տնտեսության «սև փոսում»` ծանր բեռ դառնալով հույն և եվրոպացի հարկատուների համար: 6 տարում` 2008-2014 թթ. երկրի ՀՆԱ-ն 240 մլրդ եվրոյից նվազել է մինչև 180 մլրդ եվրո, բնակչության եկամուտները նվազել են 40 տոկոսով, գործազրկությունն աճել է 27 տոկոսով:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---