Հազարավոր գրոհայիններ փախել են Սիրիայից` վախենալով բանակի հարձակումից 5 հոկտեմբերի 2015 - 11:01 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան Նուսրա» և «Ջեյշ ալ Յարմուկ» կազմակերպությունների ավելի քան 3 հազար գրոհայիններ են փախել Սիրիայից Հորդանան` վախենալով սիրիական բանակի լայնածավալ հարձակումից, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ռազմական աղբյուրը: «Առնվազն 3 հազար գրոհային է փախել Հորդանան: Նրանք վախենում են բոլոր ճակատներում բանակի ակտիվացումից և ռուսական ինքնաթիռների ավիահարվածներից»,-ասել է գործակալության զրուցակիցը: Ըստ աղբյուրի, հոկտեմբերի 4-ին բանակը հարվածներ է հասցրել ԻՊ և «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայիններին Դամասկոսի արվարձանում, Դեր Զոր և Հոմս գավառներում, այդ թվում Պալմիրայի մատույցներում: Դեր Զորում բանակը հարվածներ է հասցրել ԻՊ դիրքերին: Խնդիր էր դրված հետ մղել հակառակորդին Ռասաֆա, Ռիշդիա, Ում ալ Սինաա ավաններից: Մարտի ընթացքում ոչնչացվել է մոտ 160 գրոհային: Բախումների ժամանակ ահաբեկիչները պայթեցրել են պայթուցիկով լցոնված զրահամեքենան, սիրիական բանակի զինծառայողների շրջանում կան վիրավորներ: Հոմսում սիրիական բանակին հաջողվել է ոչնչացնել ԻՊ երկու շարասյուն Պալմիրայից ոչ հեռու` Սեհիիա շրջանում, որտեղ նաև հրետանային հարվածներ են հասցվել Էլ Քարյաթանում ահաբեկիչների դիրքերին` սպանվել է 17 գրոհային: Նույն Հոմսում սիրիական ավիացիան և հրետանին հարվածներ են հասցրել «Ջեբհաթ ան Նուսրա», «Քաթաիբ ալ Ֆարուկ» և «Ահրար աշ Շամ» խմբավորումներին, որոնք ամրացել են Ֆայլակ գավառում: Ըստ ռազմական աղբյուրի, սիրիական ծագմամբ և օտարերկրացի գրոհայինների միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել ղեկավարելու իրավունքի համար: Սիրիացիները պահանջում են վարձկաններից հեռանալ Խուլեից, Ռաստանից ու Թաշբիսիից` խուսափելու համար ՌԴ ավիացիայի նոր հարվածներից և սիրիական բանակի հայտարարված լայնածավալ հարձակումից այդ ուղղությամբ: ՌԴ ռազմաօդային ուժերն ավիահարվածներ են հասցնում Սիրիայում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնության խորհրդի քննարկմանը ներկայացրեց արտերկրում Ռուսաստանի Զինված ուժերի զորակազմի տեղակայման համաձայնության մասին որոշման առաջարկը, որը միաձայն ընդունվեց սեպտեմբերի 30-ի նիստում: ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտնեց, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դիմել է Պուտինին ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Ռուսաստանի ՊՆ-ն տեղեկացրել է, որ հոկտեմբերի 3-4-ին ռուսական ինքնաթիռները 20 մարտական առաջադրանք են իրականացրել և խոցել «Իսլամական պետության» 10 թիրախ Սիրիայում: Մինչդեռ Դամասկոսի արվարձանում սիրիական ինքնաթիռները գրոհել են ահաբեկիչների դիրքերը Դումայում և Դերաահում, Հարասթում ոչնչացվել է գրոհայինների կենտրոնակայանը: Բանակը փորձում է ահաբեկիչներին քաղաքից ետ շպրտել, որտեղից գրոհայինները մշտապես հրթիռակոծում և ականակոծում են մայրաքաղաքի կենտրոնական և պատմական թաղամասերը: Սիրիայի հյուսիսում` Հալեպից ոչ հեռու արդեն մոտ 2 տարի պաշարված ավիացիոն ուսումնարանի (սիրիական ՌՕՈւ ավիաբազայի մոտ) պաշտպանները հետ են մղել ԻՊ գրոհայինների հարձակումը: Առնվազն 15 ահաբեկիչ սպանվել է: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |