ԱրմԹեք-2015. ԵՄ-ն կաջակցի հայկական ՏՏ ոլորտի մասնավոր սեկտորին

ԱրմԹեք-2015. ԵՄ-ն կաջակցի հայկական ՏՏ ոլորտի մասնավոր սեկտորին

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը 2016-ին առավել ակտիվ օժանդակություն կտրամադրի հայաստանյան մասնավոր սեկտորի ծրագրերին, որը դրամական արտահայտությամբ 23 միլիոն եվրոյից ավելին է: Այս մասին Երևանում անցկացվող «ԱրմԹեք» բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Հոկտեմբերի 12-ին Երևանում բացվել է «ԱրմԹեք-2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովը:

Համախողովի կազմակերպման աշխատանքն իրականացվել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ` Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կողմից:

«Եվրոպական միությունը հայ գործընկերների համար հասանելի կդարձնի ԵՄ երկու հիմնական ծրագիր: Մեկը փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ծրագիրն է, որի մեկնարկը տրվել է դեռ 2015–ին, մյուսը` կրթական ոլորտի այսպես կոչված «Հորիզոն 2020»-ը: Հայաստանն այստեղ ունի բազմաթիվ հաջողված պատմություններ», - ասել է Սվիտալսկին՝ հավելելով, թե օժանդակելու են, որպեսզի ԵՄ երկրներից ավելի շատ օտարերկրյա ներդրողներ գան Հայաստան:

ԵՄ դեսպանն ընդգծել է, որ ՏՏ ոլորտը Հայաստանի զարգացման հեռանկարի առումով լավագույն ոլորտն է` ունենալով շատ մարտահրավերներ, սակայն, լինելով խոստումնալից, գրում է Tert.am-ը:

Այն, որ լավագույն շախմատ խաղացողները հայերն են, իսկ գիտնականները շատ–շատ են, ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով` վկայում այս ոլորտում հայկական կարողությունների ու հնարավորությունների մակարդակի մասին:

«Հայաստանը, լինելով փոքր երկիր, ունի շատ բարձր կրթական մակարդակ, և առավելություններ», - ասել է նա:

«ԱրմԹեք-2015» համաժողովին ներկա է գտնվել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում բարձր հովանու ներքո անցնում է համաժողովը:

Վարչապետը նշել է, որ ամենամյա այս միջոցառումը կարևոր հարթակ է նորագույն տեխնոլոգիաների տարածման, նոր գործարար և ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, ինչպես նաև ոլորտի ձեռքբերումների ներկայացման համար:

«Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում: 2008-2014 –ը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 15-20 % աճ, ինչը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից ոլորտում տարվող արդյունավետ քաղաքականությամբ: Հայաստանում ներկայում գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են «Մայքրոսոֆթ», «Սիսկո», «Դ-Լինկ», «Օրաքլ», «Սինոփսիս», «Մենթոր Գրաֆիքս» և այլ ընկերությունները: «Մայքրոսոֆթ» և «ԱյԲիԷմ» ընկերությունների հետ համատեղ Հայաստանում հիմնվել ու հաջողությամբ գործում են նաև «Մայքրոսոֆթ» ինովացիոն և Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնները », - նշել է կառավարության ղեկավարը:

Նրա խոսքով՝ ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելու և նոր ընկերությունների ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով անցյալ տարի ընդունվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությանն ուղղված օրենսդրական փաթեթ, որի շրջանակում ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Արդյունքում ոլորտում ընդամենը մի քանի ամսվա ընթացքում արդեն իսկ ստեղծվել է մոտ 50 սկսնակ ընկերություն և 200-ից ավելի նոր որակյալ աշխատատեղ:

Աբրահամյանը կարևորել է ՏՏ ոլորտի որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը և նշել, որ վերջին տարիներին հիմնվել են մի շարք ուսումնական կենտրոններ և լաբորատորիաներ, այդ թվում` Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնը, Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիան, «Սինոփսիս Արմենիա» ընկերության ուսումնական դեպարտամենտը և այլն: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է գտնվում նաև ոլորտի տարածքային համաչափ զարգացումը, և դրա վառ ապացույցն են հաջողությամբ գործող Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, Կապանի շարժական լուծումների լաբորատորիան, ինչպես նաև նոր ստեղծվող Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը:

«Միևնույն ժամանակ մեր կողմից իրականացվում են տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանն ուղղված մի շարք կարևոր ծրագրեր, մասնավորապես` Նորարարության զարգացման, Գյումրու ու Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհների, Վենչուրային ֆոնդի, Գիտության և տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրերը և այլն: Կարևորում ենք նաև, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից աստիճանաբար վերաճում են հետազոտություններ ու մշակումներ իրականացնող և ամբողջական բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կազմակերպությունների, որոնց կողմից թողարկված մրցունակ տեխնոլոգիական արտադրանքն իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում: Մենք հետևողականորեն շարունակելու ենք Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքականությունը», - շեշտել է վարչապետը:

«ԱրմԹեք-2015» համաժողովի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներ, սթարթափ աքսելերացիա և տարածաշրջանային զարգացում, կրթություն, հետազոտություն և մասնագիտական զարգացում: Զուգահեռ անցկացվելու են նաև Գիտության, տեխնոլոգիաների և ձեռներեցության ծրագրի STEP Վենչուրային կոնֆերանսն ու «Մաքուր տեխնոլոգիաներ. Հայաստան» բիզնես գաղափարների մրցույթի 2015 թ. ամփոձիչ միջոցառումը:

Այս տարի առաջին անգամ՝ հոկտեմբերի 14-ին, Լեռնային Ղարաբաղի տեխնոլոգիական զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով «ԱրմԹեք» համաժողովի հատուկ նիստ կանցկացվի նաև Ստեփանակերտում: Այն կազմակերպվել է ՀՀ և ԼՂՀ կառավարությունների աջակցությամբ:

ԱրմԹեք առաջին համաժողովը կայացել է 2007-ին Սան Ֆրանցիսկոյում, ինչից հետո համաժողովն ամեն տարի հաջորդաբար անցկացվում է Հայաստանում և ԱՄՆ-ում: Համաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացմանը` այդ գործընթացում ներգրավելով նոր մասնակիցների և համաշխարհային տեխնոլոգիական հանրության հեղինակավոր ներկայացուցիչների: Ամեն տարի միջոցառմանը մասնակցում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի հեղինակավոր մասնագետներ և կազմակերպություններ աշխարհի տարբեր երկրներից: < /i>

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---