Թեհրանն ու Բաքուն մտադիր են մինչև 2016-ի ավարտը միացնել երկաթուղային ճանապարհները

Թեհրանն ու Բաքուն մտադիր են մինչև 2016-ի ավարտը միացնել երկաթուղային ճանապարհները

PanARMENIAN.Net - Իրանի և Ադրբեջանի պատվիրակությունների Աստարա քաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների երկաթուղիների միացման գործընթացը մինչև 2016-ի վերջն ավարտելու մասին: Ինչպես գրում է «Նեզավիսիմայա գազետան», հանդիպմանը հաստատվել է նաև ծրագիրն, ըստ որի ադրբեջանական կողմը պետք է կառուցի 8-կիլոմետրանոց հատվածը, իսկ Իրանը` 2-կիլոմետրանոց հատվածը:

Օգոստոսի կեսին հայտնի դարձավ, որ Բաքուն ու Թեհրանը մտադիր են վերսկսել Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության նախագիծը Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում, որը կկապի Եվրոպան, Ռուսաստանը, Կենտրոնական Ասիան ու Կովկասը Պարսից ծոցի և Հնդկաստանի հետ: Նախագծի իրականացումը կհանգեցնի մերձկասպյան պետությունների առևտրային հարաբերությունների ակտիվացմանը Սև ծովի նավահանգիստների հետ: Ակտիվացումը տեղի է ունենում Իրանի և «վեցյակի» միջև պայմանավորվածությունների հիման վրա:

Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փաքային լրագրողներին հայտնել է, որ «Բաքուն պատրաստ է ճանապարհի իր հատվածի կառուցումը սկսել 10 օրվա ընթացքում»: Ըստ նրա, նախագծով նախատեսվում է նաև կամուրև կառուցել Աստարա գետի վրա: Կողմերի համաձայնությունն արդեն կա:

Աշխատանքների ավարտից հետո ակնկալվում է բեռնաշրջանառությունն աստիճանաբար հասցնել 10 մլն տոննայի՝ ներկայիս 0,6 միլիոնի փոխարեն: Սակայն երկաթուղու գործարկման համար հարկավոր է անցկացնել Ռեշտ-Աստարա հատվածը Իրանի տարածքում, որի շինարարությունը դեռ չի սկսվել:

«Այժմ բանակցություններ են ընթանում Չինաստանի և ՌԴ հետ 170 կմ երկարությամբ այդ նախագծի շուրջ»,-ասել է Բաքվում դեսպան Փաքային:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանական պատվիրակությունը հավաստիացում է ստացել Իրանի ղեկավարությունից, որ «Թեհրանն առաջնային է համարում գործակցությունը հարևանների հետ, առաջին հերթին` Ադրբեջանի: Իսկ Իրանի նախագահ Ռոուհանին Ադրբեջանն անվանելով Կովկասի դարպաս, նշել է, որ Իրանն, իր հերթին, կարող է ճանապարհ բացել Բաքվի համար դեպի Պարսից ծոց:

Հայաստանը ևս մտադիր է երկաթուղի կառուցել Իրանի հետ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի սեպտեմբերի 22-ին Պեկինում ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ հանդիպմանը քննարկել են Իրան–Հայաստան երկաթուղու, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ներդրումային ծրագրերը: Քեցյանը վերահաստատել է չինական կողմի հետաքրքրվածությունը այս հարցում: Նա պատրաստակամություն է հայտնել համատեղ ծրագրեր իրականացնել Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման, արդյունաբերության, հումանիտար և այլ ոլորտներում:

Հայաստանի կառավարությունը 2014-ի օգոստոսին հավանություն է տվել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախնական ծրագրին: Նախագծի արժեքը գնահատվում է 3,5 մլրդ դոլար, երկարությունը 300 կմ է, նախատեսվում է 19,4 կմ ընդհանուր երկարության 64 կամրջի կառուցում, 102,3 կմ երկարությամբ 60 թունելի և 27 կայարանի կառուցում: Ակնկալվում է, որ շինարարությունը կավարտվի 2022-ին, բեռնափոխադրումների ծավալը կկազմի տարեկան 22 մլն տոննա:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---