Ստամբուլում 2 խմբագիր է ձերբակալվել «զինված խռովություն հրահրելու» մեղադրանքով

Ստամբուլում 2 խմբագիր է ձերբակալվել «զինված խռովություն հրահրելու» մեղադրանքով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին Ստամբուլի դատարանը որոշում է կայացրել Nokta ամսագրի գլխավոր խմբագիր Ջեվհերի Գյուվենին և նույն պարբերականի նորությունների բաժնի խմբագիր Մուրդ Չափանին ձերբակալելու մասին: Նրանց մեղադրում են հակակառավարական զինված խռովություն հրահրելու մեջ, հայտնել է Anadolu գործակալությունը:

Ավելի վաղ Ստմաբուլի ոստիկանությունը Գյուվենին և Չափանին բերման էր ենթարկել «մարդկանց հանցագործությունների և խռովության դրդելու» մեղադրանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ձերբակալման համար առիթ է հանդիսացել հրապարակումը, որը նվիրված էր Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններին: Nokta-ի վերջին համարը լույս է տեսել Թուրքիայի նախագահ Ռեջփ Թայիփ Էրդողանի դիմանկարով, որն ուղեկցվում էր հետևյալ գրառմամբ. «Երկուշաբթի, նոյեմբերի 2. քաղաքացիական պատերազմի սկիզբը Թուրքիայում»: Ստամբուլի դատարանը արտոնեց հանդեսի այդ համարի ամբողջ տպաքանակի առգրավումը:

Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրւթյուններում հաղթել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավորած Արդարության և զարգացման կուսակցությունը, հավաքելով ձայների 50 տոկոսը, ինչը թույլ է տալիս նրան միակուսակցական կառավարություն ձևավորել:

Կուսակցությունը ստացել է 310 մանդատ: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) հավաքել է 25.55 տոկոս և կունենա 135 պատգամավոր: Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցությունը» (ԱՇԿ) հավաքել է 12.21 տոկոս`45 պատգամավոր: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ)` 10.71 տոկոս, և կունենա 60 պատգամավոր:

Թուրքական իշխանություններին քննադատում են բռնության և վախի մթնոլորտ ստեղծելու համար: Արևմտյան դիտորդները նշում են նաև աճող ճնշումը ԶԼՄ-ների վրա: Անցած շաբաթ ոստիկանությունը շրջայց է կատարել «Կոզա իպեկ» մեդիա խմբի գրասենյակում, որի լրագրողները քննադատում են երկրի կառավարությանը: Արդյունքում նշանակվեց ընկերության նոր ղեկավար:

ԵԽԽՎ անդամ Անդրեաս Գրոսն, անդրադառնալով ընտրություններին, ասել է. «Ցավոք, մենք ստիպված ենք խոստովանել, որ ամբողջ նախընտրական արշավն անարդար էր, ուղեկցվել է ուժի կիրառմամբ և անցել է վախի մթնոլորտում: Իսկ վախը ժողովրդավարության և ազատ ընտրությունների թշնամին է»:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---