Թուրքիայում քրդամետ կուսակցության համանախագահի դեմ մահափորձ է կատարվել

Թուրքիայում քրդամետ կուսակցության համանախագահի դեմ մահափորձ է կատարվել

PanARMENIAN.Net - Թուրքիայում մահափորձ է իրականացվել քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ:

Նոյեմբերի 22-ի երեկոյան Դիարբեքիրում անհայտ անձը կրակել է Դեմիրթաշի ծառայողական ավտոմեքենայի վրա այն ժամանակ, երբ կուսակցապետը գտնվել է մեքենայում, թուրքական Evrensel.net լրատվակայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Լրատվամիջոցների հետ զրույցում Դեմիրթաշը նշել է, որ կրակոցի ձայնը կամ որևէ աղմուկ իրենք չեն լսել, բայց երբ մեքենայից իջել են, թիկնապահները մեքենայի զրահապատ հետնապակու վրա փամփուշտի հետք են նկատել: Դատելով փամփուշտի՝ ապակու վրա նշմարված հետքի դիրքից՝ կրակոցն ուղղված է եղել ուղևորի գլխին:

Մահափորձից հետո ԺԴԿ առաջնորդը Twitter-ում քրդերենով հետևյալ գրառումն է արել. «Մահն Աստծո հրամանով է»:

Դեմիրթաշի դեմ սա առաջին մահափորձը չէ. նա 2015-ի հոկտեմբերի 15-ին հաստատել էր իր դեմ մահափորձ կազմակերպելու մասին լուրերը: Դեմիրթաշը Cumhuriyet թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ մահափորձի մասին հստակ տեղեկություն ստանալուց հետո այդ մասին տեղեկացրել են իրավապահ մարմիններին:

Fırat լրատվական գործակալությունը լուր էր տարածել, ըստ որի, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ` հունիսի 5-ին, ԺԴԿ-ի կողմից կազմակերպված Դիարբեքիրի հանրահավաքի ժամանակ հենց այն պահին, երբ Դեմիրթաշը պատրաստվում էր բեմ բարձրանալ, նրանից 10 մետր հեռավորության վրա պայթյուն էր տեղի ունեցել:

Ըստ այդ լուրի՝ Դեմիրթաշի դեմ մահափորձ կատարելու նպատակով Սիրիայից Թուրքիա մի խումբ էր անցել, որի մասին ԺԴԿ-ին տեղեկացրել էին Ռոժավայի իշխանությունները (Սիրիայի քրդական ինքնավարության կենտրոն):

Հարցին, թե տեղյակ են արդյոք իրազեկվելուց հետո պատկան մարմիններն անվտանգության միջոցառումներ իրականացրել էին, Դեմիրթաշը պատասխանել է. «Մարդիկ, որոնք «Իսլամական պետությանը» ավելի շատ են սատարում, քան մեզ, ինչպե՞ս պետք է մեզ պաշտպանեն»:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:Անկարայի և քրդերի միջև հրադադարի մասին հայտարարվեց 2012-ի մարտին: Կողմերը մտադիր էին լուծել քուրդ փոքրամասնության խնդիրները խաղաղ ճանապարհով:

Գործընթացը քիչ էր մնում ձախողվեր 2014-ին`ԻՊ կողմից քրդաբանկ Քոբանիի պաշարման ժամանակ: ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկման է դատապարտված, հայտարարեց, որ եթե քաղաքը գրավեն իսլամիստները, հրադադարին վերջ կտրվի: Որոշ ժամանակ անց Թուրքիան թույլ տվեց քրդկան ուժերին Իրաքից անցնել Սիրիա իր տարածքով:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---