Սիրիական բանակը ազատագրել է Հալեպի «կյանքի ճանապարհը». Մայրուղու մի մասը դեռ ականապատված է

Սիրիական բանակը ազատագրել է Հալեպի «կյանքի ճանապարհը». Մայրուղու մի մասը դեռ ականապատված է

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերը վերականգնել են հսկողությունը Հալեպը երկրի մյուս շրջանների հետ կապող միակ մայրուղում, հայտնում է ՌԻԱ Նովոստին ռազմական աղբյուրի վրա հղումով:

Փետրվարի 22-ին «Իսլամական պետության» գրոհայինները գրավել էին Հալեպի մատակարարման միակ ճանապարհը Ասրիա-Հանասեր հատվածում:

«Բանակը վերագրավել է Ասրիա-Հանասեր մայրուղին, սակայն ճանապարհը դեռ փակ է: Հանասերի հյուսիսում դեռ մարտերը շարունակվում են, այնտեղից ահաբեկիչները դեռ կարող են կրակել ճանապարհի ուղղությամբ»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նրա, ահաբեկիչները հասցրել են ականապատել մայրուղու մի հատվածը: Մասնագետներն արդեն սկսել են ականազերծման աշխատանքներն այն հատվածներում, որտեղ դա հնարավոր է:

Ճանապարհը Հալեպում սիրիական զորքերի մատակարարման միակ ուղին է, ինչպես նաև «կյանքի ճանապարհը» քաղաքի բնակիչների համար, որով քաղաքը մատակարարվում է սննդամթերքով, վառելիքով և այլ անհրաժեշտ իրերով: Ըստ սիրիացի զինվորականների, ահաբեկիչները, կտրելով մատակարարման ուղիները, մտադիր էին զսպել սիրիական բանակի առաջխաղացումը Հալեպի հյուսիսում և Ռաքքայի արևմուտքում:

Հալեպ գավառում ընթացող մարտերում սիրիական բանակին աջակցում են չափավոր ընդդիմության խմբերը և իրանյան Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի ստորաբաժանումները գեներալ Քասեմ Սուլեյմանի գլխավորությամբ: Նրանց հիմնական խնդիրն է Հալեպի ազատագրումը իսլամիստներից:

Ավելի վաղ սիրիական բանակի գեներալներից մելը հայտարարել էր, որ Սիրիայի ԶՈւ գլխավոր խնդիրը «լիարժեք հսկողություն ապահովելն է Թուրքիայի հետ սահմանին` կտրելու համար ահաբեկիչների մատակարարման ուղիները»: Ըստ նրա, Հալեպի գավառում սիրիական զորքերի նպատակն է փակել դեպի թուրքական սահման տանող ճանապարհը, որտեղից գրոհայինները ստանում են ամեն անհրաժեշտը:

Սիրիայի նախագահ Ասադն ասել է, որ սատարում է կարգավորման շուրջ բանակցություններին, սակայն «չի դադարեցնի պայքարը ահաբեկիչների դեմ բանակցությունների ընթացքում»:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---