«Այբ»-ի ռոբոտիկայի խմբակն արծաթե մեդալ է նվաճել հեղինակավոր միջազգային մրցույթում

«Այբ»-ի ռոբոտիկայի խմբակն արծաթե մեդալ է նվաճել  հեղինակավոր միջազգային մրցույթում

PanARMENIAN.Net - «Այբ» դպրոցի ռոբոտիկայի խմբակը ապրիլի 7-ից 9-ը ԱՄՆ-ի Մարիոն քաղաքում անցկացված հեղինակավոր միջազգային «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (National Robotics Challenge) մրցույթից վերադարձել է արծաթե մեդալով և Honda Innovation Award հեղինակավոր մրցանակով:

«Այբ»-ի ռոբոտիկայի խմբակը մի քանի ամիս շարունակ զօրուգիշեր պատրաստվում էր ԱՄՆ-ում անցկացվելիք ամենազանգվածային միջազգային հանրաճանաչ «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (ՌԱՄ) մրցույթին: Ավելի քան 1.300 մասնակից և ավելի քան 400 ռոբոտ էր ներկայացված ՌԱՄ 2016-ին, որն այս տարի տոնում էր իր 30-ամյակը:

«Այբ»-ի երեխաները մրցույթին ներկայացել էին իրենց սումո ռոբոտով, և մրցույթին ներկայացած թիմերի մեջ մեծ թիվ էին կազմում հենց «Սումո ռոբոտ» անվանակարգում մրցողները: «Այբ»-ի ռոբոտը հաղթել է այնպիսի թիմերի, որոնք տարիներ շարունակ մասնակցել են այս մրցույթին՝ մրցանակ շահելու հույսով: Եղել են անգամ թիմեր, որոնք հրաժարվել են մրցել մեր սումոյի հետ՝ ասելով, որ «իրենց ռոբոտը դեռ պետք է իրենց»:

«Այբ»-ի ռոբոտիկայի խմբակի ղեկավար Վազգեն Գաբրիելյանի խոսքով՝ մրցույթի մասնակիցներն ու հյուրերը բարձր են գնահատել հայկական թիմի սումո ռոբոտին ու դրա վրա կատարված աշխատանքի ծավալը: «Մարդ չկար ամբողջ մրցման վայրում, որ չիմանար՝ մենք ով ենք: Բոլորի ուշադրության կենտրոնում մենք էինք և մեր ռոբոտը: 10-ից ավելի ուսուցիչներ մոտեցան մեզ ու ասացին, որ ԱՄՆ-ում չգիտեն այնպիսի դպրոց, որն «Այբ»-ի ռոբոտաշինության մակարդակն ունենա»,- պատմում է Վազգենը:

Ի դեպ, «Հոնդա» ընկերության 60 ներկայացուցիչ նույնպես բարձր գնահատական են տվել հայկական թիմի կատարած աշխատանքի շուրջ, և թիմը միակն էր, որին խնդրեցին լուսանկարվել իրենց հետ «Հոնդայի» տաղավարում:

«Այբ»-ի ռոբոտիկայի խմբակը գործում է 2011-ից: «Այբ» դպրոցի ռոբոտիկայի լաբորատորիայի և դպրոցին կից բացված ֆաբլաբի (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ստեղծած արտադրական լաբորատորիայի) հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, առանց որի աջակցության հնարավոր չէր լինի մեր դպրոցականների ակտիվ մասնակցությունը բազմաթիվ միջազգային մրցույթների ու մրցաշարերի:

«Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1986-ին և համարվում է աշխարհում ռոբոտաշինության ամենաերկարակյաց մրցույթը: Այն բաղկացած է 12 անվանակարգերից՝ սումո ռոբոտ, մինի-սումո ռոբոտ, փրկարար ռոբոտ, ռոբո հոքեյ, լաբիրինթոս անցնող ռոբոտ և այլն: Մրցույթին կարող են մասնակցել անհատներ կամ թիմեր տարրական, միջին, ավագ դպրոցներից և քոլեջներից: Մրցույթի գլխավոր հովանավորն է «Հոնդա» ընկերությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---