Ծանրորդ Վանիկ Ավետիսյանը՝ ԵԱ փոքր բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Վանիկ Ավետիսյանը՝  ԵԱ փոքր բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Նորվեգական Ֆորդե քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վանիկ Ավետիսյանը դարձել է փոքր բրոնզե մեդալակիր, իսկ Ռոստամ Կարապետյանը՝ 11-րդ տեղում է:

Տղամարդկանց 69 կգ քաշային ծանրորդների պայքարին մասնակցում էին 11 մարզիկ՝ Հայաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Բելառուսից, Ալբանիայից, Ֆրանսիայից և Ռուսաստանից:

Հայաստանի ներկայացուցիչներից Ավետիսյանին պոկում վարժության ժամանակ միայն երրորդ մոտեցմամբ է հաջողվել բարձրացրնել 137 կգ կշռող ծանրաձողը և առաջին վարժությունից հետո 9-րդ տեղում էր: Կարապետյանը պոկել է 136 կգ և 12-րդ հորիզոնականում էր:

Հրում վարժության ժամանակ Ավետիսյանը բարձրացրել է 175 կգ և դարձել փոքր բրոնզե մեդալակիր, իսկ Կարապետյանը բարձրացրել է 160 կգ:

Երկամարտի 312 կգ արդյունքով Ավետիսյանը 5-րդ տեղում է, իսկ Կարապետյանը 293 կգ-ով` 11-րդ:

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Իզաբելա Յալյանը երկամարտի 190 կգ արդյունքով զբաղեցրել է 10-րդ տեղը:

Կանանց 58 կգ քաշային կարգի A ենթախմբում մրցում էին 10 ծանրորդ Ռումինիայից, Շվեդայից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Իտալիայից, Լեհաստանից և Ադրբեջանից:

Յալյանը պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ գլխավերևում պահել է 85 կգ, սակայն երկրորդ և երրորդ մոտեցումների ժամանակ հայ ծանրորդը չի բարձրացրել 89 կգ: Հրում վարժությունում Յայլյանին հաջողվել է բարձրացնել միայն 105 կգ (չբարձրացրեց 110 կգ): Երկամարտի 190 կգ արդյունքով նա միայն 10-րդ տեղում էր:

Ապրիլի 13-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 4 ներկայացուցիչ: C ենթախմբում կմրցի 85 կգ քաշային Առաքել Միրզոյանը: Կանանց 63 կգ քաշային կարգում A ենթախմբում մեդալի համար կպայքարի Քրիստինե Պետրոսյանը, իսկ 77 կգ քաշային կարգում Հայաստանի երկու ներկայացուցիչները՝ Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---