Մարզիչ. Պայքարելու ենք Միհրան Հարությունյանի ոսկե մեդալը վերադարձնելու համար

Մարզիչ. Պայքարելու ենք Միհրան Հարությունյանի ոսկե մեդալը վերադարձնելու համար

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալ ստացած Միհրան Հարությունյանի ոսկե մեդալը վերադարձնելու համար ամեն ինչ արվելու է: Այս մասին լրագրողներին հայտարարել է Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի երկրորդ մարզիչ Սամվել Գևորգյանը:

Ըմբիշ Միհրան Հարությունյանը սխալ և անարդար մրցավարության պատճառով Օլիմպիադայի եզրափակչում սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտումզրկվեց օլիմպիական ոսկե մեդալից` դառնալով արծաթե մեդալակիր։ Ի դեպ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը ազգությամբ սերբ է:

«Հիմա խորհրդակցել ենք, և փորձելու ենք ամեն ինչ անել, եթե հնարավոր է, կարողանանք մեդալը հետ բերել, պայքարելու ենք, որ ոսկե մեդալը վերադարձնենք Հայաստանին»,-ասել է նա, գրում է Tert.am-ը:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի խոսքով, բոլորի համար պարզ էր, որ Օլիմպիադայի ոհւնահռոմեական ըմբշամարտի եզրափակչի մարտի մրցավարությունն անարդար էր տեղի ունեցել:

Ջուլֆալակյանը նաև նշել է, որ մեր հավաքականը 2012-ից պատրաստվում էր պատշաճ ձևով օլիմպիական խաղերին ներկայանալու համար: «Մեր հավաքականը բոլոր մրցաշարերից տարբեր քանակի մեդալներով է վերադարձել: Մեր անցած ճանապարհն ասում էր, որ օլիմպիական խաղերին մոտենում էինք պարտավորված, որ լավ հանդես գանք և վերադառնանք մեդալներով: Բոլորս ոսկե մեդալների էինք սպասում, ինչին մեր հավաքականն ունակ էր»,-ասել է նա:

«Իսկ ինչ կապված է դատարան դիմելուն և մեդալը հետ ստանալու, ես չեմ կարծում, որ մեդալը հետ կտան, սակայն սա դաս կլինի հետագայի համար», - ասել է Միհրան Հարությունյանը:

Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանն ասել է, որ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը երկար տարիներ ձգտում էր հասնել այս արդյունքին. «Շատ տիտանական աշխատանք է կատարվել և հասել էինք այն բանին, որ բոլորս էլ գտնում էինք, որ Արթուրը պատրաստ է»:

Ալեքսանյանն իր հերթին նշել է, որ ոսկե մեդալի նվաճմամբ «սառույցը կոտրվել է»:

«Երբ մարդիկ մոտենում շնորհավորում են, տեսնում եմ, թե ինչ ուրախություն են ապրել և ինչ հպարտ են: Դա ինձ համար ամենամեծ հաղթանակն է, երբ իմ հաղթանակով ամբողջ մի ազգ է հպարտացել»- ասել է նա:

Հայաստանը Ռիոյի Օլիմպիական խաղերին 4 մեդալ է նվաճել՝ 1 ոսկե, 3 արծաթե:

Կարդացեք նաև՝ՀԱՕԿ-ը պատրաստվում է բողոքարկել ըմբիշ Միհրան Հարությունյանի մենամարտի արդյունքը

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---