Դիք Չեյնին վերահաստատել է ԱՄՆ շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի հետ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Զրույցի ընթացքում, նշելով, որ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ՀՀ վարչապետն ընդգծել է այդ հարաբերությունները շարունակելու եւ խորացնելու մեր երկրի պատրաստակամությունը, ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանի անկախացումից ի վեր ԱՄՆ-ի ցուցաբերած քաղաքական եւ տնտեսական օժանդակության համար: Անդրադառնալով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին` վարչապետը նշել է, որ ՀՀ իշխանությունները վճռական են ժամանակակից ժողովրդավարական պետություն կառուցելու հարցում: Փոխնախագահ Ռիչարդ Չեյնին մեկ անգամ եւս շեշտել է ԱՄՆ պատրաստակամությունը շարունակելու աջակցել Հայաստանին այդ բարեփոխումների գործընթացում:



Կողմերը հանգամանալից քննարկել են Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման եւ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումն այդ հարցերի վերաբերյալ` վարչապետ Սերժ Սարգսյանը նշել է, որ չնայած Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը մնում է ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում, սակայն մեր երկիրը պատրաստ է գործնական քայլերի դիմել` առանց նախապայմանների Թուրքիայի հետ իր հարաբերությունները կարգավորելու համար: Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին, Հայաստանի կառավարության ղեկավարը մեկ անգամ եւս նշել է, որ Հայաստանը հավատարիմ է մնում փոխզիջումների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արագ կարգավորման իր դիրքորոշմանը: Նա հույս է հայտնել, որ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները, ի վերջո, կհանգեցնեն դրական արդյունքի: Փոխնախագահ Չեյնին վերահաստատել է ԱՄՆ շահագրգռվածությունը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման, ինչպես նաեւ ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացների աջակիցը լինելու հարցում: Ռիչարդ Չեյնին նաեւ բարձր է գնահատել ամերիկյան հայ համայնքի դերը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---