Թուրքիան կոչ է արել վերանայել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լիազորությունների կասեցման որոշումը

Թուրքիան կոչ է արել վերանայել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լիազորությունների կասեցման որոշումը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ քննադատելով ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները մեկ տարով դադարեցնելու որոշումը և կոչ արել «հնարավորինս արագ ուղղել այդ սխալը»։

«Մենք ցավում ենք, որ Ադրբեջանի Ազգային պատվիրակության հավատարմագրերը չվավերացվեցին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից։ Այս բանաձևն անհամատեղելի է ժողովրդավարական արժեքների հետ և խաթարում է հավասար ներկայացվածության իրավունքը»,- ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Factor.am-ը։

Ըստ Անկարայի՝ այս որոշումը խանգարում է տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանն ուղղված ջանքերին։

«Ակնհայտ է նաև, որ այս քայլը, որը նշանակում է համագործակցության և երկխոսության ուղիների փակում, կխոչընդոտի տարածաշրջանային խաղաղության և կայունությանն ուղղված ջանքերին։ Թուրքիան ԵԽԽՎ-ին կոչ է անում հնարավորինս արագ ուղղել այդ սխալը և կենտրոնանալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի վրա»,- նշվում է հայտարարության մեջ։

Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել է չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ Ադրբեջանական պատվիրակության նկատմամբ քաղաքական պատժամիջոցներ սահմանող որոշմանը կողմ է քվեարկել 76, դեմ՝ 10 պատգամավոր, ևս 4 խորհրդարանական ձեռնպահ է մնացել։ Դեմ են քվեարկել Թուրքիայի պատվիրակությունից 9 պատգամավոր, ևս մեկ պատգամավոր էլ Ալբանիայից։ Ուշագրավ է, որ Թուրքիայի 18 հոգանոց պատվիրակությունից քվեարկությանը մասնակցել էր 10 պատգամավոր, որից մեկը կողմ էր քվեարկել Ադրբեջանին հեռացնելու որոշմանը։

Օրերս էլ ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակությունն էր բողոք հղել կառույցի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին Ադրբեջանի պատվիրակության դեմ ընդունված որոշման կապակցությամբ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---