Զեյթունցյան. 2016-ին ՀՀ-ն տուրիզմից մոտ $1 մլրդ եկամուտ է ունեցել

Զեյթունցյան. 2016-ին ՀՀ-ն տուրիզմից մոտ $1 մլրդ եկամուտ է ունեցել

PanARMENIAN.Net - 2016-ին ՀՀ տուրիզմից եկամուտը կազմել է մոտ 1 մլրդ դոլար: Այդ մասին հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը լրագրողների հետ հանդիպմանը:

«Զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է մոտավորապես 700-800 դոլար: Մենք չենք կարող ասել` այդ գումարն այսօր ավելացել է, թե պակասել, բայց կարող եմ ասել, որ 2016-ին եկամուտը, որը զբոսաշրջությունից ստացել է Հայաստանը, կազմել է մոտ 1 մլրդ դոլար», - ասել է Զարմինե Զեյթունցյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նրա խոսքով` 2017-ի այս տվյալները դեռևս հաշվարկված չեն, բայց, հաշվի առնելով, որ այս տարի գրանցվել է զբոսաշրջիկների թվի 21 տոկոս աճ, կաճի նաև եկամուտը:

2017-ին Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղվել է 200.000 դոլար, իսկ 2018թ. պետբյուջեով տրամադրվող ֆինանսավորումը կրկնապատկվել է՝ հասնելով 400.000 դոլարի:

Զարմինե Զեյթունցյանի խոսքով՝ քանակական առումով զբոսաշրջիկների մեծ մասը Հայաստան են եկել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից և Ուկրաինայից: Իսկ այցելությունների տոկոսային աճի առումով առաջատար է Հնդկաստանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանից դեպի Հայաստան զբոսաշրջությունը 2017-ին աճել է 32%-ով: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ գործակալությունը, որը կազմել է 2017-ին ռուս զբոսաշրջիկների նախընտրած երկրների վարկանիշը՝ ըստ 2017-ի 9 ամսում ՌԴ-ից արտերկիր արտագնա զբոսաշրջային ուղևորությունների վիճակագրության:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---