Կուզեի՝ Ալիևի որդին էլ ծառայեր․ «Էխո Մոսկվի»-ին Փաշինյանի հարցազրույցի կարևոր դրույթները

Կուզեի՝ Ալիևի որդին էլ ծառայեր․ «Էխո Մոսկվի»-ին Փաշինյանի հարցազրույցի կարևոր դրույթները

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ին ծավալուն հարցազրույց է տվել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին, որտեղ անդրադարձ է կատարել ՌԴ նախագահ Պուտինի հետ հարաբերություններին, պատերազմի հավանականությանը, որոշ տնտեսական հարցերին։ PAN-ն առանձնացրել է հարցազրույցի կարևորագույն դրույթները։

Պուտինի մասին

Ես նրան, ազնիվ ասած, ավելի ծանր մարդ էի պատկերացնում։ Հաճելի անակնկալ էր այն, որ նա ուղիղ ու ազնիվ մարդ է... Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններում մութ անկյուններ չկան։ Դա չի նշանակում, որ մենք միշտ բոլոր հարցերում համակարծիք ենք լինելու, դա նշանակում է, որ մենք անկեղծ ենք լինելու միմյանց հետ։

Առաջարկու՞մ էին արդյոք Փաշինյանին ճանաչել Ղրիմի միացումը ՌԴ-ին Ղարաբաղի ճանաչման դիմաց

Ոչ։

Նոր պատերազմի ու Ռուսաստանի դերի մասին

Ես և բոլոր հայերը, բոլորը Հայաստանում վստահ են, որ Ռուսաստանն ունի բոլոր միջոցները թույլ չտալու նոր սրացում մեր տարածաշրջանում և զերծ պահելու Ադրբեջանին Հայաստանի և Ղարաբաղի վրա հարձակվելուց... Ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը չի օգտագործի իր հնարավորությունները պատերազմ թույլ չտալու համար: Ես չեմ կարող հավատալ, որ մեր ռազմավարական դաշնակիցը, մեր դարավոր եղբայրն ու բարեկամը թույլ կտա, որ պատերազմ սկսվի: Չեմ կարող դրան հավատալ:

Ադրբեջանին զենքի վաճառքի ու Պուտինի հետ թեմայով զրույցի մասին

Երկրների դիրքորոշումը հրապարակայնորեն հնչեցվել է, և ես չէի ուզի բացահայտել առանձնազրույցի մանրամասները։

Որդու՝ Աշոտի, ԼՂՀ-ում ծառայելու մասին

Դա խաղաղարար գործողություն է․․․ բոլորս հասկանում ենք, որ երբ ես որդուս Ղարաբաղ եմ ուղարկում, չեմ ուզում, որ այնտեղ պատերազմ սկսի։ Աստված հեռու պահի իմ որդուն, իմ հայրենակիցների ու ադրբեջանցի շարքային քաղաքացիների որդիներին զոհվելուց․․․․ ուրախ կլինեի, եթե Իլհամ Ալիևն իր որդուն այնտեղ ծառայելու ուղարկեր։ Որովհետև բոլորս համոզված կլինեինք, որ Ալիևը չի ուզում, որ իր որդին զոհվի։

Փախստականների մասին

Ոչ ոք չի ասում այն մասին, որ բազմաթիվ հայեր փախել են Ադրբեջանից ոչինչ չվերցնելով, որովհետև նրանց սպանում էին Սումգաիթում, Բաքվում, Կիրովաբադում ու Ադրբեջանում՝ ամենուր։ Ղարաբաղյան հակամարտությունն այդպիսին դարձավ, երբ ադրբեջանցիները սովետական բանակի օգնությամբ սկսեցին կոտորել հայերին։ Ու ոչ ոք չի հարցնում՝ «իսկ եղե՞լ է Հայաստանում, ուր ադրբեջանցիները քիչ չէին, բռնության գոնե մեկ դեպք իրենց հանդեպ»։

102-րդ ռազմաբազայի մասին

Ռազմաբազան Հայաստանի անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչն է։ Մենք ունենք պայմանագրեր, որոնց շրջանակներում բազան կոնկրետ պարտավորություններ ունի։ Դա չի նշանակում, որ մենք չունենք բազայի գործունեության հետ կապված որևէ խնդիրներ։ Սակայն 102-րդ ռազմաբազայի գոյությունը Հայաստանի ազգային շահերին համապատասխանում է։

ԱԷԿ մասին

Մենք հույս ունենք երկարացնել ԱԷԿ աշխատանքի ժամկետը մինչև 2040 թվականը ու մինչ այդ նոր ԱԷԿ կառուցել։ Հույս ունեմ, ՌԴ-ն կօգնի այդ հարցում։ Քանի որ, ցավոք, այժմ մենք չունենք բավարար ֆինանսական միջոցներ՝ ինքնուրույն սկսելու այդ գործընթացը։

Սփյուռքահայերին թիմում ներգրավելու մասին

Սահմանադրությամբ, օրինակ, նախարար կարող է նշանակվել վերջին 5 տարին միայն ՀՀ անձնագիր ունեցած ու ՀՀ-ում մշտական բնակված քաղաքացին։ Մենք պատրաստվում ենք փոխել Սահմանադրության այդ կետը, որպեսզի հնարավոր լինի սփյուռքի, այդ թվում, ռուսաստանյան համայնքի ներուժը ներգրավել։

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---