// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Արմաթի» սաները ՀՀ-ն կներկայացնեն First Global ռոբոտների միջազգային մրցույթում

«Արմաթի» սաները ՀՀ-ն  կներկայացնեն  First Global  ռոբոտների միջազգային մրցույթում

PanARMENIAN.Net - «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաները օգոստոսի 16-18-ը Հայաստանը կներկայացնեն Մեխիկոյում կայանալիք First Global ռոբոտների միջազգային մրցույթում:

Այս մասին հայտնել են «Արմաթ» կրթական ցանցի հիմնադիր՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Հայաստանը Մեխիկոյում ներկայացնող թիմի գործընկերներ՝ «Ucom» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Եսայանը և Ամերիաբանկի ՏՏ և ավտոմատացման վարչության ղեկավար Շավարշ Ոսկանյանը:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ «Արմաթի» սաները ռոբոտաշինության գերազանց գիտելիքներ են կուտակել և ռոբոտների միջազգային օլիմպիադայում կարող են Հայաստանը պատվով ներկայացնել ու հաղթանակ բերել:

«Մենք ողջունում ենք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության այս նախաձեռնությունը և ուրախ ենք, որ մեր շնորհալի պատանիները ներկայացնելու են Հայաստանը First Global ռոբոտների միջազգային մրցույթում: Մշտապես հանդես գալով նորարարական տեխնոլոգիաների ներդրմամբ`Ամերիաբանկը կարևորում է տեխնոլոգիական առաջընթացի ուղղությամբ սերունդների կրթման ու զարգացման գործընթացը և սիրով միացել է այս նախագծին: Մասնակցությունը միջազգային մրցույթին հիանալի հնարավորություն է նոր գիտելիքնր ու փորձ ձեռք բերելու համար»,- նշել է Ամերիաբանկի ՏՏ և ավտոմատացման ստորաբաժանման ղեկավար Շավարշ Ոսկանյանը:

«Ucom» ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Եսայանը նշել է, որ ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում մշտապես եղել է և կլինի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդնումը, այդտեղ սովորող երեխաների մոտ ինժեներական մտածելակերպի զարգացումը, նրանց համար ստեղծվող հնարավորությունների ընդլայնումը, միջազգային ասպարեզ դուրս բերելը։

«Արմաթցիների մասնակցությունը First Global միջազգային մրցույթին կարևոր է միջազգային փորձ, կապեր ու մրցունակություն ձեռք բերելու համար: Իսկ Ucom-ին սա ավելի է մոտեցնում մեր ռազմավարական նպատակին՝ ունենալ կրթված ու պահանջված ինժեներների սերունդ», - ասել է նա:

First Global-ը ռոբոտների միջազգային մարտահրավեր է, որին մասնակցում են 14-18 տարեկան պատանիներ շուրջ 160 երկրից: Մրցույթի նպատակն է միավորել պատանիներին, ոգեշնչել նրանց տեխնոլոգիաների և նորարարության հնարավորություններով, ստեղծել համագործակցության հարթակներ գլոբալ խնդիրների ու կյանքի որակի բարձացմանն ուղղված լուծումներ ստեղծելու համար:

Այս տարի մրցույթի առանցքում՝ վերականգնվող էներգիայի վերաբերյալ առաջադրանքներ են: Մրցութային դաշտում կլինեն հողմային և ջերմային կայաններ, արևային պանելային բջիջների մակետներ։ Թիմի անդամների կառավարմամբ ռոբոտը պետք է պտտի հողմային կայանը, արևային պանելը մի կետից փոխանցի մյուս կետին, որտեղ թիմի անդամները պետք է վերցնեն և կախեն միացման օղակներում, որի արդյունքում սկսվում է էկրանի վրա ցույց տալ պայմանական էլէկտրաէներգիայի արտադրությունը։ Բացի դրանից, առկա կլինի նաև պայմանական ածուխ, որը պետք է տեղադրել ջերմային կայանների մակետային հատվածում։

Հայաստանյան թիմում ընդգրված են Վահագն Զարգարյանը (Արծվաբերդ), Լիլիթ Խաչիկյանը (Սիսիան), Նոնա Թելունցը (Գորիս) և թիմի ղեկավար ու մասնակից Արմեն Յենոքյանը (Սիսիան, «Արմաթի» խմբավար): Հատկանշական է, որ հայկական թիմն ակնհայտորեն արտացոլում է «Արմաթ» կրթական ցանցի առաքելությունը՝ նորարարության և ինժեներական գիտելիքի մարզային զարգացումը: Ի դեպ, թիմում ընդգրված են հավասար թվով աղջիկներ և տղաներ: Նրանք լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեցին մրցույթի մասնակից ռոբոտին, սակայն չցանկացան բացել իրենց բոլոր գաղտնիքները:

Արմաթցիների մասնակցությունը First Global ռոբոտների միջազգային մրցույթին կարևոր է միջազգային փորձ ու մրցունակություն ձեռք բերելու համար: Այն խրախուսում է պատանիներին ու առաջ մղում նրանց՝ գիտությամբ զբաղվելու և նորարություններ ստեղծելու համար: Մրցույթի մասնակիցները նաև միջազգային կապեր ստեղծելու հնարավորություններ ձեռք կբերեն:

 Ուշագրավ
Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն
Հայտնի աստղագետին «Նշանակալի հասարակական գործունեության համար» շքանշանը կհանձնի NASA-ի ղեկավար Ջիմ Բրիդենստայնը
Նախագիծն ավարտին կհասցվի 2019-ի հունիսին