Վանա լիճը անհետացման եզրին է

PanARMENIAN.Net - Վանա լիճը, որն իր մեծությամբ հինգերորդն է Եվրոպայում, աստիճանաբար ցամաքում է: Չնայած ձեռնարկված միջոցներին, լիճը կարող է անհետանալ մոտակա 10-15 տարիներին: Ջրային միջավայրի պաշտպանության թուրքական ասոցիացիան ընդգրկել է Վանը «Անսահման կապույտ» նախագծի մեջ, որը կոչված է երկու տարում արմատապես փոխել լճի ափերին ստեղծված իրավիճակը:



Վանա լիճը, որն իր անունն է տվել նաեւ համանուն քաղաքին, իր մակերեսով առաջինն է Թուրքիայում եւ հինգերորդը` Եվրոպայում: Յուրաքանչյուրի համար լիճը կարեւոր է յուրովի: Ձկնորսներին Վանը ձկով է կերակրում: Հազարավոր թուրքեր ամեն տարի գալիս են լճի ափերին հանգստանալու: Այստեղ է բնակվում վանա տառեխը` ձկան մի տեսակ, որն այլեւս ոչ մի տեղ չկա: Լճի ափամերձ տարածքի ավելի քան 40 տոկոսն արդեն պիտանի չէ ոչ հանգստանալու, ոչ ձկնորսության համար, իսկ հայտնի տառեխը գտնվում է լրիվ անհետացման եզրին:



Ջրային միջավայրի պաշտպանության թուրքական ասոցիացիան (TURMEPA) նպատակ է դրել պահպանել Վանա լիճը հաջորդ սերունդների համար: Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները դասախոսություններ կանցկացնեն շուրջ 105 000 ուսանողների եւ դպրոցականների համար: Շատերը կմասնակցեն լճի մաքրման աշխատանքներին, գրում է turista.ru-ն:



Վանա լիճը, կամ Վանա ծովը գտնվում է պատմական Հայաստանում: Վան քաղաքը եղել է Արեւմտյան Հայաստանի ամենածաղկուն առեւտրային եւ մշակութային կենտրոններից մեկը, Վասպուրական պատմական նահանգի կենտրոնը, հայոց մայրաքաղաքներից մեկը: Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Վանի թեմի տվյալներով, Վանում բնակվել են շուրջ 55 հազար մարդ, որոնցից 34 հազարը` հայեր, իսկ Վանի վիլայեթում` 425 հազար: 1915 թվականին Վանի բնակիչները կազմակերպեցին ինքնապաշտպանության ջոկատներ եւ համառ պայքար մղեցին օսմանյան զորքերի դեմ: 1918 թվականի մարտին ռուսական զորքերը հանձնեցին Վանը: Ախթամար կղզում է գտնվում Սուբ Խաչ հանրահայտ եկեղեցին, որը վերջերս վերականգնվեց թուրքական կառավարության կողմից եւ վերածվեց թանգարանի: Եկեղեցու գմբեթին բացակայում է խաչը, իսկ մուտքի մոտ կարելի է տեսնել Թուրքիայի պետական դրոշն ու ժամանակակից Թուրքական հանարպետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դիմանկարը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---