Հայաստանի եւ Եգիպտոսի քաղաքական երկխոսության բարձր մակարդակն անհրաժեշտ է ամրապնդել տնտեսական նախագծերով

PanARMENIAN.Net - Փետրվարի 23-ին Եգիպտոսի ԱԳ նախարար Ահմադ Աբու Ալ-Ղեյդի հրավերով պաշտոնական այցով Եգիպտոս ժամանեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Եգիպտոսի վարչապետ Ահմադ Նազիֆը:



Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Եգիպտոսի վարչապետն ասաց, որ Եգիպտոսի ժողովուրդը եւ անձամբ ինքը ամենաջերմ զգացմունքներն ու համակրանքն ունեն Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդեպ: Ահմադ Նազիֆն ընդգծեց, որ հայ-եգիպտական բարեկամության վառ վկայությունն է եգիպտահայ համայնքի ակտիվ դերակատարությունն ու մասնակցությունը երկրի կենսագործունեության տարբեր բնագավառներում: Վարչապետ Ահմադ Նազիֆի խոսքերով երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները ամուր հիմք են հանդիսանում Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ համագործակցության հետագա զարգացման համար:



Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ասաց, որ հայ-եգիպտական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, եւ մեր ժողովուրդները կապված են պատմությամբ ստուգված ավանդական բարեկամությամբ եւ համակրանքով: Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ այս ամենը հիմք է ստեղծում պետությունների միջեւ արդյունավետ համագործակցության խորացման համար: Հայաստանն հետաքրքրված է առավել սերտացնելու եւ խորացնելու Եգիպտոսի հետ երկկողմ համագործակցությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը անհրաժեշտ է ամրապնդել երկկողմ տնտեսական նախագծերով ու առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա հնարավորությունների արդյունավետ օգտագործմամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---