Փաստաբան․ Ադրբեջանում գերիներից կյանքի սպառնալիքով ցուցմունքներ են կորզում

Փաստաբան․ Ադրբեջանում գերիներից կյանքի սպառնալիքով ցուցմունքներ են կորզում

PanARMENIAN.Net - Հայ ռազմագերիների դեմ դատավարությունները, որոնք իրականացվում են Բաքվում, բեմականացված են, և դրանց հիմնական սպառողը միջազգային հանրությունն է՝ քաղաքական պատճառներով։ Այդ մասին հայտարարել է ՄԻԵԴ-ում ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

«Խախտվում են կենսական իրավունքներ՝ պաշտպանության իրավունքը, ռազմագերիներն առանձին դեպքերում ստորագրում են փաստաթղթերի տակ՝ հարկադրանքի ուժով, որի բովանդակությանն անգամ ծանոթ չեն։ Կյանքի սպառնալիքի ներքո են որոշ ցուցմունքներ կորզվում»,- ասել է Սահակյանը, գրում է «Փաստինֆոն»։

Նա հավելել է, որ Բաքվի համար լավ հնարավորություն է ստեղծված՝ չարաշահելու հայ ռազմագերիների իրավունքները և հենց նրանց միջոցով գեներացնելու ապացույցեր, որոնք պետք է օգտագործվեն ադրբեջանական թեզերը հիմնավորելու համար։

«Պրիմիտիվ է գործում Բաքուն։ Օրինակ, եթե գերեվարված անձն ավելի ավագ տարիքային խմբի է պատկանում, ուրեմն, ըստ նրանց տրամաբանության՝ հնարավոր է տարիքով պայմանավորված՝ լինեն առաջին պատերազմի մասնակից, ուրեմն լավ սուբյեկտ է ադրբեջանական ռազմագերիների հետ կապված կեղծ պատմություններ ստեղծելու և միջազգային հարությանը մատուցելու համար։ Նպատակը ՀՀ-ի հեղինակությունը գցելն է և ինչու ոչ պաշտպանվելը», ասել է նա։

Սահակյանը նշել է նաև, որ Բաքուն ցանկանում է հայելային արտացոլանք տալ, միջազգային հանրությանն ապացուցել, որ այդ հանցագործությունները կատարվել են ոչ միայն իրենց, նաև ՀՀ-ի կողմից։

«Ռազմական գործեր քննող ծանր հանցագործությունների դատարանը չի կարող անկախ գործել՝ հայ ռազմագերիների նկատմամբ և չեն կարող անաչառ լինել։ Ադրբեջանի արդարադատության համակարգը եկել է սպասարկելու քաղաքական գիծը։

Այս դատավարության արդյունքը այս պայմաններում չի կարող ընդունվել միջազգային հանրության կողմից»,-ասել է նա։

Հուլիսի 3-ին ՀՀ կառավարությունը հայտնել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերի, հայկական կողմը, որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---