Փարիզում տեղի կունենա Վահագն Չախալյանի պաշտպանությանն ուղղորդված բողոքի հերթական ցույցը

PanARMENIAN.Net - ՖՀԿՀԽ (Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը) նախաձեռնում է նոր ցույց Երեքշաբթի ապրիլի 28-ին, ժամը 18:30-ին Փարիզում Վրաստանի դեսպանատան առջեւ (104 Ռայմոն Պուանկարեի պող., 75016 Փարիզ) ի նշան բողոքի վրացական իշխանությունների կողմից Վահագն Չախալյանի նկատմամբ գործադրված բռնության: «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդին մտացածին գործի եւ կեղծված մեղադրանքների հիման վրա (զենքի պախպանում եւ հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում եւ մասնակցություն) 10 տարի ազատազրկման դատապարտելուց հետո իշխանություններն այժմ մտադիր են ֆիզիկական բռնության միջոցով պատասխանել այս անարդար դատավճռի դեմ առաջացած բողոքի ալիքին:



ՖՀԿՀԽ-ը տեղեկացվել է, որ 2009թ. ապրիլի 16-ին Վահագն Չախալյանը, որը պահվում է Թբիլիսիի համար 8 բանտում դուրս է տարվել բանտախցից եւ ծեծվել է բանտի աշխատակիցների կողմից: Ծեծի փաստը Չախալյանի փաստաբանների կողմից գնահատվել է որպես պատասխան` «Չախալյանների գործով վերջերս ընդունված անարդար դատավճռի հետեւանքով հասարակական դժգոհության լայն ալիքին եւ մասնավորապես` ի պաշտպանություն Վահագն Չախալյանի Փարիզում Վրաստանի դեսպանատան առջեւ ապրիլի 14-ին տեղի ունեցած բողոքի ցույցին»:



Նման գործընթացներն անընդունելի են օրենքի գերակայություն հռչակած որեւէ երկրում եւ մաս են կազմում ջավախքահայերի նկատմամբ տարիների ընթացքում տարվող հալածանքների տրամաբանության ու ներկայացնում են երկրի հայ համայնքի նկատմամբ վրացական կենտրոնական իշխանությունների կողմից իրականացվող թշնամական վերաբերմունքի նոր դրսեւորում: Ջավախքում դա արտահայտվում է ժողովրդագրական իրավիճակի փոփոխման փորձերի, տեղական ընտրությունների սիստեմատիկ կեղծման, բնակչության ժողովրդավարական պահանջների մերժման եւ երկխոսելու փոխարեն հալածանքների իրականացման տեսքով:



ՖՀԿՀԽ պահանջում է անհապաղ ազատ արձակել վահագն Չախալյանին, հարգել նրա ֆիզիկական անձեռնմխելիությունը եւ հարգել հայ փոքրամասնության իրավունքները երկխոսության եւ բանակցությունների միջոցով:



Դատարանը մեղավոր է ճանաչել Վահագն Չախալյանին գործի բոլոր դրվագներով` Վրաստանի քր. օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում), 225 հոդվածի 2-րդ մասով (Մասնակցություն զանգվածային անկարգություններին), հոդված 226-ով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում), 353-րդ հոդվածի 2-րդ մասով (Ոստիկանության աշխատակցին կամ պետական պաշտոնյային ցույց տված խմբակային դիմադրություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետերով (Խուլիգանություն կատարված իշխանության ներկայացուցչի կամ խուլիգաանությունը կասեցնող այլ անձի դեմ) դատապարտելով ջավախքահայ ակտիվիստին 10 տարվա ազատազրկման առանց պատժի մի մասի տուգանքով փոխարինման հնարավորության:



Ռուբեն Չախալյանը մեղավոր ճանաչվեց 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում) եւ 225 հոդվածի 2-րդ մասով (մասնակցություն զանգվածային անկարգություններին)` դատապարտվելով 5,000 լարի (3000 ԱՄՆ դոլար) տուգանքի, Արմեն Չախալյանը` 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում). նրա նկատմամբ որպես պատիժ սահմանվեց 2,000 լարի (1,200 ԱՄՆ դոլար) տուգանք:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---