Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին

Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, ասել է, որ այն լավ թափ է առել՝ ճիշտ օգտագործելու դեպքում կհաջողեն։

Նա հավելել է, որ վերադառնալու որևէ ցանկություն չունեն և կսատարեն վարչապետի այն թեկնածուին, որին կառաջարկի Բագրատ սրբազանը, գրում է «Փաստինֆոն»։

«Նախկինների գալուց վախենում են, թող գնան խաչակնքվեն, թող գնան վախերը չափեն, սառը ջուր խմեն, ինչ ուզում են, թող անեն, բայց մենք վերադառնալու որևէ ցանկություն չունենք։ Մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ մենք որևէ ակնկալիք չունենք, մեզ ոչ թե իշխանություն է պետք, այլ մենք հետապնդում ենք իշխանափոխության գաղափարը»,–ասել է նա՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ իշխանություններն ասում են, թե նախկիններն ուզում են վերադառնալ, հայտնում է Panorama.am-ը։

Նա նշել է՝ իշխանությունները ոչ թե քննադատում են, այլ հիմնականում զրպարտում ցանկացած ընդդիմադիր հայացք ունեցող մարդու, ցանկացած մարդու, ով մտահոգ է իր հայրենիքի ապագայով, ով դեմ է հասարակությունը մասերի բաժանելուն և այլն։

ՀՀ երրորդ նախագահը հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը։

Նա պատասխանել է նաև հարցին, թե իրեն կտեսնե՞ն սրբազանի կողքին հարթակում։

«Պարտադիր չէ։ Ես հարթակներ բարձրանալու ոչ սովորություն, ոչ ցանկություն ունեմ, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի... Մենք ամեն ինչի պատրաստ ենք, միայն այս շարժումը հաջողության հասանի և իշխանափոխություն լինի»,–ասել է նա։

Անդրադառնալով Բագրատ սրբազանի հայտարարությանը, որ չի բացառվում նախկին նախագահների հետ հանդիպումը՝ Սարգսյանն ասել է. «Հրավեր չեմ ստացել, բայց Բագրատ սրբազանի հետ ես առիթ եմ ունեցել հանդիպելու։ Ոչ այսօր, ոչ երեկ կամ ոչ երեկ չէ առաջին օրը»։

Նա նաև պատասխանել է հարցին, թե հնարավո՞ր է լինելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնել փողոցային պայքարով, 2018 թվականին կիրառված տեխնոլոգիաներով։

«Չեմ կարծում, որ մենք նույնիսկ ի վիճակի ենք այդ տեխնոլոգիաները կրկնօրինակել, քանի որ ոչ նախկին շարժումների, ոչ էլ այսօր շարժումների հետևում ես չեմ տեսնում ուժեր, որոնք վարպետորեն տիրապետում են այդ տեխնոլոգիաներին»,–ասել է Սարգսյանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ավելի վաղ ուղերձ էր հղել Կիրանցում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ ու շեշտել` ՀՀ իշխանությունը պետք է հեռանա։ Նա հանդիպումներ է ունենում տարբեր քաղուժերի հետ՝ խորհրդակցելով վարչապետին անվստահություն հայտնելու հարցի շուրջ, որի համար իմպիչմենտ առաջարկող ուժը պետք է ներկայացնի վարչապետի իր թեկնածուին։ Շատերը կարծում են, որ ամենահարմար թեկնածուն անցումային շրջանի համար կարող է լինել Բագրատ սրբազանը։ Հայտնի է, որ նա ունի նաև Կանադայի քաղաքացիություն, որից պատրաստ է հրաժարվել։

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---