Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ

Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ

PanARMENIAN.Net - «Ալիք մեդիա» կայքի հիմնադիր, արտաքին քաղաքական հարցերով Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի մայիսի 22–ի հայտարարութուններին, մասնավորապես՝ ՀԱԵ վերաբերյալ, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նրան պետք է բացատրել, հորդորել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ։

Նա իր գրառումը վերնագրել է «Մի վնասիր` «Do no harm»։

«Մայիսի 22-ին, Ազգային Ժողովի հարցուպատասխանի ընթացքում, Էջմիածնի կողմից եկեղեցական սեփականության վերադարձի վերաբերյալ պահանջին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է.

«Հայ առաքելական եկեղեցին այլ երկրներում էլ նման հարցեր բարձրացնում է և մտածեցի, որ Հայաստանի և այլ երկրների պարագայում Հայ առաքելական եկեղեցու մոտեցումը գալիս և նույնանում է: Ես հիշում եմ, որ ՀԱԵ-ն Թուրքիայի դեմ այդպիսի պահանջներ ներկայացնում և ներկայացրել էր և ամենևին չեմ զարմանա, որ էդ նույն տրամաբանությամբ առաջնորդվի նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ»:

Անգամ, եթե այսպիսի համեմատություն է արվում ներքաղաքական համատեքստում, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից նման հայտարարությամբ հանդես գալը չափազանց վտանգավոր է: Ակնհայտ է, որ ՀԱԵ-ի հետ քաղաքական առճակատման մեջ գտնվող Փաշինյանն այսպիսի զուգահեռ տանելով փորձում է դեմոնիզացնել Էջմիածինը Թուրքիայի և Հայաստանի պարագայում ՀԱԵ-ի մեթոդների նույնականացմամբ: Վարչապետը կարծես մոռանում է կրկին, որ իրեն միայն Հայաստանում չեն լսում:

Նիկոլ Փաշինյանին պետք է բացատրել, հորդորել, հուշել կամ սաստել, որպեսզի չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ: Այսպես, օրինակ, Հայ առաքելական եկեղեցու Էջմիածնի և Անթիլիասի կաթողիկոսությունները, Երուսաղեմի և Պոլսո պատրիարքարանները աշխարհի տարբեր պետություններում` այդ երկրների օրենսդրություններով սեփականություն ունեն և ունեցել են անգամ մինչև Հայաստանի Հանրապետության հռչակումը:

Այս հարցը չափազանց նուրբ է և բարդ, որոշ դեպքերում վիճելի և ժառանգությունը կորցնելու շեմին կանգնած վտանգներով լի, և, եթե պետությունը հասկանալի պատճառներով չի կարող օգնել եկեղեցուն, ապա առնվազն պետք է փորձի չվնասել:

ՀԱԵ-ի հսկայական եկեղեցական և կրթական ժառանգության, ունեցվածքի ծավալների ու դրանց հետ կապված խնդիրների բազմությունը լրջորեն հասկանալ է պետք: Երուսաղեմից մինչև Կիպրոս, Հնդկաստան, Իրան, Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Սուդան, Արևմտյան և Արևելյան Եվրոպա, Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Վրաստան, Թուրքիա, Ռուսաստանից միչև Ավստրալիա և Ինդոնեզիա:

Կովերի այգուց մինչև Մելքոնյան դպրոց, Մադրաս, Աղթամար ողորկ կարգավիճակներով կրթարաններ, ձեռագրերի և արխիվների, կրոնական և մշակութային հուշարձանների է տիրապետում, կամ այդ պետությունների օրենքներով հավակնելու իրավունք ունի ՀԱԵ-ն: Ընդ որում, որոշ դեպքերում ելնելով մեր եկեղեցու ունեցած կարգավիճակից, կամ դրա բացակայությունից, կան սառեցված և ակտիվ դատական վեճեր, ուստի սա հաշվի չառնելով Հայաստանի վարչապետի կարգավիճակում հայտարարություններ անելն արկածախնդրության է նմանվում:

Եթե այս ամենն արվում է Հայ առաքելական եկեղեցին հարկային դաշտ բերելու նպատակով, թող դա անեն այլ փաստարկներով ու պատրվակներով, սակայն զերծ մնան արտերկրում եկեղեցու ունեցվածքի հարցերն ու ունեցած խնդիրները Հայաստանի ներքաղաքական դիսկուրս ներմուծելուց «Do no harm» սկզբունքով, ասել է թե` «Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել»,–ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---