Վահագն Չախալյանի ճակատագիրը Ջավախքի ողջ հայության խնդիրն է

PanARMENIAN.Net - Ջավախահայ ակտիվիստի, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի ճակատագիրը Ջավախքի ողջ հայության հարցն է: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ֆրանսիացի փաստաբան, Փարիզի փաստաբանների կոլեգիայի անդամ Պատրիկ Արապյանը: «Տարածաշրջանի հայ բնակչության խնդիրը շատ խորը արմատներ ունի: Դեռեւս Զվիադ Գամսախուրդիայի ժամանակներից շրջանառվում էր «Վրաստանը վրացիների համար» կարգախոսը: Հենց այդ քաղաքականության պատճառով է, որ այսօր Ջավախքի կես միլիոն հայ բնակչությունից մնացել է ընդամենը մոտ 280 հազարը: Չախալյանի գործը հարկավոր է դիտարկել հենց այս համատեքստում»,-ասել է փաստաբանը:



Մայիսի 29-ին Թբիլիսիի վարչական գործերի դատարանում տեղի է ունեցավ Վրաստանի արդարադատության նախարարության կողմից Պատրիկ Արապյանին որպես Վ.Չախալյանի փաստաբան գրանցելու մերժման հարցով երկրորդ դատավարությունը: Լսումների ժամանակ Վրաստանի արդարադատության նախարարությունը փաստաթղթեր ներկայացրեց, որից հետո դատավորը, ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելու պատճառաբանությամբ, տեղափոխեց դատական լսումները մինչեւ հունիսի 15-ը: Փետրվարի 16-ին Վրաստանի արդարադատության նախարարությունն առանց որեւէ հիմնավորման հրաժարվել է գրանցել Արապյանին որպես Չախալյանների ընտանիքի պաշտպանի: Վրաստանի օմբուդսմեն Սոզար Սուբարին նախարար Ադեիշվիլուն հասցեագրված նամակում առաջարկել է վերականգնել Չախալյանների խախտված իրավունքները եւ թույլ տալ ֆրանսիացի փաստաբանին պաշտպանել նրան, սակայն վրացական իշխանությունները անտեսեցին այդ խորհուրդը:



Ի պաշտպանություն Վ.Չախալյանի ապրիլի 14-ին ու 28-ին Փարիզում տեղի ունեցած ցույցերից հետո, ցուցարարներին ընդունած Ֆրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան խոստացել էր, որ վրացական իշխանությունները դրական լուծում կտան Պատրիկ Արապյանի գրանցմանը:



Ապրիլի 6-ին Վ.Չախալյանը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման եւ 18 000 լարի տուգանքի: Չախալյանները մտադիր են բողոքարկել դատավճիռը դատական ատյաններում եւ հետո` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---