Ասիական զարգացման բանկը կֆինանսավորի Երեւանի քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանի քաղաքապետարանում ստորագրվեց եռակողմ հուշագիր` Ասիական զարգացման բանկի ներկայացուցչի, Երեւանի քաղաքապետի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի միջեւ, հաղորդում է Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը:



Պայմանագրի համաձայն` մայրաքաղաքում կմեկնարկի քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը: Ասիական զարգացման բանկը հիշյալ ծրագրի իրականացման նպատակով պատրաստակամություն է հայտնել վարկային միջոցներ տրամադրել: Որպես առաջնահերթ բաղկացուցիչներ` ծրագրում նախանշված են Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի բարելավման, երթեւեկության անվտանգության եւ կառավարման խնդիրները: Այս տարվա մարտի 9-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը մեկ անգամ արդեն հանդիպել էր Ասիական զարգացման բանկի տրանսպորտի դեպարտամենտի ներկայացուցիչներին, այսօր արդեն առաջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները դրվեցին գործնական հիմքերի վրա:



Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նշեց, որ քաղաքապետարանի կողմից կարվի ամեն ինչ, որպեսզի ծրագիրը մայրաքաղաքում հնարավորինս շուտ կյանքի կոչվի. «Այսօր հասարակական տրանսպորտի բարելավման խնդիրները մայրաքաղաքում հրատապ են, եւ Երեւանում երթեւեկության կառավարման կարգավորման ուղղությամբ առաջիկա տարիներին հետեւողական աշխատանքներ են տարվելու»,- նշեց Գագիկ Բեգլարյանը:



Տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման ծրագրում ընգրկվել են տրանսպորտի կանոնակարգմանն առնչվող այն գերակա ուղղությունները, որոնք հրատապ լուծում են պահանջում մայրաքաղաքում. դրանք են` Արտաշատի եւ Աշտարակի մայրուղիներին միացնող ճանապարհային երեք նոր հանգույցների կառուցումը, մետրոպոլիտենի «Երիտասարդական>> կայարանի` Սայաթ-Նովայի պողոտայի կողմից նոր մուտքի կառուցումը եւ մետրոպոլիտենի ցանցի հետագա զարգացման ռազմավարության ուսումնասիրությունը: Ասիական զարգացման բանկի խմբի ղեկավար Առնո Դոֆինը կարեւորեց Երեւանի քաղաքապետարանի համագործակցությունը բանկի հետ եւ նշեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում ծրագիրն իրականություն կդառնա: Քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների զարգացման ծրագրի յուրաքանչյուր փուլի համար բանկի տնօրենների խորհուրդը կտրամադրի որոշակի ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն: Ծրագրի առաջին փուլում կիրականացվեն խորհրդատվական աշխատանքներ, որոնցում կներգրավվեն միջազգային փորձագետներ: Նախապատրաստական, ինչպես նաեւ հետագա բոլոր աշխատանքները կիրականացվեն Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---