Ռուս-վրացական պատերազմից հետո ԱՊՀ-ին Վրաստանի մասնակցությունն իր իմաստը կորցրել է

PanARMENIAN.Net - «ԱՊՀ-ին Վրաստանի անդամակցությունը քաղաքական նպատակ է հետապնդում», Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Արեւմտյան հայերի խնդիրներն ուսումնասիրող կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Նրա խոսքերով, ԱՊՀ-ին Վրաստանի անդամակցությունն ու վերջինիս կազմից դուրս գալը բավականին հետաքրքիր են:



«ԱՊՀ-ն կազմավորվել է 1991 թվականին: Այն ժամանակ Վրաստանը չէր ստորագրել ԱՊՀ-ին անդամակցությանն առնչվող պայմանագիրը եւ կազմակերպության կազմում ընդգրկվել է միայն երեք տարի հետո», - ասել է Հայկազուն Ալվրցյանը: Ընդ որում, նա նշել է, որ ԱՊՀ-ին Վրաստանի անդամակցության պատճառ դարձել է վրաց-աբխազական պատերազմը, երբ Հարավային Օսիան եւ փաստացի Աբխազիան անջատվեցին Վրաստանից: «Վրաստանի նախորդ նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն վրացական հասարակությանը համոզել էր, որ միայն ԱՊՀ-ին անդամակցելով երկիրը կկարողանա վերադարձնել այդ տարածքները, ինչպես նաեւ բարձրացնել Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը»:



«2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո Վրաստանը վերջնականապես կորցրեց ե'ւ Հարավային Օսիան եւ Աբխազիան, եւ ԱՊՀ-ին իր անդամակցությունը կորցրեց իր իմաստը», - նշել է հայագետը:



Ալվրցյանը նաեւ նշել է, որ Վրաստանը մշտապես արեւմտամետ դիրքորոշում է ունեցել, այնպես որ, ԱՊՀ-ի կազմից երկրի դուրս գալը կօգնի նրան ընդգրկվել Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում: «Վրաստանն արդեն վաղուց ԱՊՀ անդամ չէ, իսկ վերջին ժամանակներս չի մասնակցել ոչ մի նիստի եւ բոլոր միջոցներով իրեն հակադրել է այդ կազմակերպությանը», - ընդգծել է Հայկազուն Ալվրցյանը: Նա նաեւ նշել է, որ ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալը բավականին լուրջ վնաս կհասցնի տարածաշրջանում Ռուսաստանի շահերին:



«Ինչպես երեւում է, վրացական հասարակությունն այնքան էլ դեմ չէ ԱՊՀ-ի կազմից երկրի դուրս գալուն, քանի որ այդ առնչությամբ բողոքի ոչ մի հայտարարություն չի եղել մամուլում», - ասել է հայագետը, դրա հետ մեկտեղ նշելով, որ հասարակության շահը համընկնում է իշխանությունների շահի հետ:



2008 թվականի օգոստոսի 12-ին Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, որպես Հարավային Օսիայում Ռուսաստանի խաղաղության պարտադրման ռազմական գործողության դեմ բողոքի նշան, որոշում էր կայացրել ԱՊՀ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ, որից հետո համապատասխան իրավաբանական ընթացակարգեր էին սկսվել: Ներկայումս բոլոր ընթացակարգերն ավարտվել են: Օգոստոսի 18-ին Վրաստանը պաշտոնապես եւ վերջնականորեն դուրս է եկել ԱՊՀ-ի կազմից:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---