ՀՅԴ-ն մտադիր է քննարկել ՀՀ նախագահի հետ հայ-թուրքական հարաբերությունների հարցը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարցն առավել խորն է եւ նրա կարեւորությունը բխում է Հայաստանի ազգային շահերի մասին մտորումներից: Այս մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը: «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները վտանգավոր են մեզ համար: Այդ փաստաթղթերով մենք հրաժարվում ենք մեր ժառանգների իրավունքներից, հարցականի տակ ենք դնում Հայոց ցեղասպանության փաստը, բուն արդարությունը»,-ասել է Մարգարյանը: Ըստ նրա, հայ-թուրքական գործընթացը հայ ժողովրդի պառակտման սկիզբն է դնում, եւ երկրի իշխանությունները պետք է կանխեն դա որքան հնարավոր է շուտ: Հրանտ Մարգարյանը հայտարարել է նաեւ, որ ՀՀ իշխանությունները պետք է հստակեցնեն, հնարավոր է արդյոք փոփոխություններ կատարել փաստաթղթի մեջ:



«Իշխանությունները պետք է հստակ հայտարարեն, կարելի է արդյոք քննարկումների ժամանակ ներկայացնել առաջարկներ եւ փոփոխության ենթարկել այս փաստաթուղթը: Միթե՞ մենք պետք է միայն այո կամ ոչ պատասխանենք: Եթե այդպես է, ապա հայ ժողովուրդը կասի` «ոչ»: Մենք կոչ ենք անում բոլորին, անկախ քաղաքական հայացքներից, միավորվել եւ «ոչ» ասել այդ արձանագրություններին»,-ասել է ՀՅԴ բյուրոյի անդամը: Նա համոզվածություն է հայտնել, որ եթե հայ ժողովուրդը միավորվի այս հարցում եւ միասնական դիրքորոշմամբ հանդես գա, ապա երկրի ղեկավարությունը հաշվի կառնի այդ փաստը: Մարգարյանը հավելել է, որ նույնիսկ եթե փաստաթղթերը ստորագրվեն, Հայաստանի ժողովուրդը միեւնույն է կարտահայտի իր կարծիքը: «Եվ այն ժամանակ ես հուսով եմ, որ իշխանությունները կլսեն ժողովրդի ձայնը»,-ասել է Մարգարյանը:



Նա նաեւ հավելել է, որ ՀՅԴ-ն առաջիկայում փաստաթուղթ կհրապարակի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների վերաբերյալ, որտեղ կներկայացնի իր դիրքորոշումն ու կուսակցությանը մտահոգող Արձանագրության դրույթները: «Մենք մտադիր ենք նաեւ հանդիպել ՀՀ նախագահի հետ հայ-թուրքական հարաբերությունների հարցով»,-ասել է նա:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---