Հայ տեկվանդոիստները Դանիա են մեկնում մասնակցելու աշխարհի առաջնությանը

PanARMENIAN.Net - Հայ տեկվանդոիստներ Արման Երեմյանն (մինչեւ 78կգ) ու Արամ Սահակյանը (մինչեւ 87կգ) հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի եւ իրանցի մասնագետ Ռահիմ Սամեհիի ղեկավարությամբ կմասնակցեն աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-18 Կոպենհագենում (Դանիա): Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի Տեկվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը, այդ առաջնությանը երկու մարզիկները ոսկե մեդալի են հավակնում:



«2002-ից մենք միջազգային առաջնություններում ոսկի չենք նվաճել: Իսկ այժմ մեր մարզիկները փայլուն մարզավիճակում են, եւ մենք միայն լավագույն արդյունքի հույս ունենք: Նշեմ, որ սկզբում ծրագրվում էր նաեւ Հայկազ Սամվելյանի ու Մաքսիմ Սահակյանի մասնակցությունը, սակայն նրանք վնասվածքներ ստացան եւ մենք նրանց չենք կարող ուղարկել մրցաշարին»,- ասել է Ղահրամանյանը:



Հայկական պատվիրակությունը Դանիա կմեկնի հոկտեմբերի 12-ին, իսկ Երեւան կվերադառնա ամսի 18-ին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---