Հարաբերությունները Թուրքիայի հետ ամենանրբանկատ հարցն է Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Հայ անկախ պետականության վերականգնումն ու աշխարհի քարտեզի վրա Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հայտնվելը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Այդ մասին գրում է ղարաբաղցի քաղաքագետ Դավիթ Բաբայանը «Հայ պետականության տարբեր չափումները եւ դրանց աշխարհաքաղաքական հետեւանքները» հոդվածում: Սակայն, ըստ քաղաքագետի, հայ պետականության քաղաքական ու պատմահոգեբանական չափումները չեն համընկնում, հատկապես Սփյուռքում: «Այս առանձնահատկությունը ձեւավորել է հայ պետականության աշխարհաքաղաքական բավականին ինքնատիպ կառուցվածք, իրեն բնորոշ տաբուներով: Այս կամ այն արտաքին քաղաքական քայլը, որը տրամաբանական է թվում քաղաքական տեսակետից, անտրամաբանական է դառնում պատմահոգեբանական նկատառումներով, եւ հակառակը»,-ասել է Բաբայանը:



Ըստ Բաբայանի, հարաբերությունները Թուրքիայի հետ, հիմնականում կապված 1915թ. Ցեղասպանության եւ Թուրքիայի կողմից այն չճանաչելու հետ, հավանաբար, ամենանրբանկատ հարցն է ինչպես ՀՀ արտաքին քաղաքականության, այնպես էլ հայերի մտածելակերպի համար: «Հայ ժողովրդի մոտ կայուն բարոյահոգեբանական անվստահություն է ձեւավորվել Թուրքիայի հանդեպ: Հենց այդ պատճառով էլ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ոչ միանշանակ արձագանք առաջացրեց հայկական աշխարհում: Մինչ Արձանագրությունների ստորագրումը, հայերի գիտակցության մեջ պետականության պատմահոգեբանական ու քաղաքական բաղադրիչները երբեք չէին բախվել, թեեւ երբեմն հակադրվել են միմյանց: Զուտ աշխարհաքաղաքական տեսակետից Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը լուրջ հեռանկարներ է ստեղծում արդյունավետ աշխարհաքաղաքական մանեւրման համար, հատկապես գլոբալ եւ տարածաշրջանային խաղացողների հետ փոխհարաբերություններում, որոնք անթաքույց հետաքրքրություն են դրսեւորում դրա հանդեպ: Հայաստանի արտաքաին քաղաքականաության այս ուղղությունը ամրապնդում է մեր աշխարհաքաղաքական մանեւրման բազան: Մյուս կողմից, ինչպես արդեն նշվել է, Երեւանի ու Անկարայի մերձեցումը ոչ միանշանակ է ընկալվում հայոց աշխարհում, հատկապես Սփյուռքում, եւ որոշակի հակասություններ է առաջացնում այնտեղ: Մինչդեռ Հայրենիք-Սփյուռք կապը եւս իր հերթին հանդիսանում է արդի հայկական պետականության առանցքային բաղադրիչը եւ ցանկացած, նույնիսկ աննշան, ճաքերն, անշուշտ չեն բխում մեր պետականության շահերից»,-ասել է Դավիթ Բաբայանը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---