Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանները մտադիր են համագործակցել

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեդ Ալի Շահինի հետ, որը եւս մասնակցում է ՍԾՏՀ ԽՎ մոսկովյան հանդիպմանը:



Հանդիպման ընթացքում զրուցակիցները միմյանց փոխադարձաբար ներկայացրեցին իրենց երկրների խորհրդարանների կառուցվածքի եւ գործունեության առանձնահատկությունները: Նրանք տեսակետներ փոխանակեցին առանց նախապայմանների երկկողմ հարաբերություններ հաստատելու գործընթացի շուրջ: Պարոն Աբրահամյանն ընդգծեց, որ հայկական կողմն անհրաժեշտ է համարում, որպեսզի ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն ողջամիտ ժամկետներում:



Երկու խորհրդարանների ղեկավարները բարձր գնահատեցին ՀՀ եւ ԹՀ Նախագահների համարձակ համատեղ աշխատանքը եւ համաձայնեցին, որ դրա շնորհիվ պարարտ հող է ստեղծվել երկու հարեւան ժողովուրդների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու համար: Այդ համատեքստում նրանք համաձայնեցին, որ անհրաժեշտ է առաջին հերթին խրախուսել մարդկային ուղղակի շփումները, ինչպես նաեւ փորձել կապեր ստեղծել ՀՀ ԱԺ եւ ԹԱՄԺ միջեւ:



Զրուցակիցները գոհունակությամբ ամփոփեցին հանդիպումը` հույս հայտնելով, որ կունենան նոր հանդիպումների առիթներ, հաղորդում է ՀՀ խորհրդարանի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---