Արմավիր մարզում տեղի ունեցավ զինծառայողներին բնակարանների հանձման պաշտոնական արարողությունը

PanARMENIAN.Net - Այսօր Արմավիրի մարզում, Սարդարապատի հուշահամալիր-թանգարանի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը մինչ այդ Արմավիր քաղաքում մասնակցել է բնակարանամուտի արարողությանը. «Արմավիրի մարզում մեր արտագնա նիստը սկսեցինք տոնական տրամադրությամբ, քանի որ պաշտպանության նախարարության կողմից այսօր բնակարաններ հանձնվեցին զինծառայողներին եւ դա, բնականաբար, ոգեւորում է մեզ, որ փուլ առ փուլ զինծառայողներին կարողանում ենք ապահովել բնակարաններով, եւ նույնիսկ այս ճգնաժամի պարագայում էլ այդ կարեւորագույն խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է։ Փոխվարչապետի հետ այցելեցինք նաեւ շինարարական հրապարակներ, որտեղ մեծ թափով ոռոգման համակարգը վերակառուցելու աշխատանքներ են կատարվում։ Արձանագրում ենք, որ այդ բնագավառում բավականին լուրջ հաջողություններ ունենք, որովհետեւ, ըստ գերմանական փորձագետների, ծրագիրը բավականին որակով եւ արդյունավետ է իրականացվում։ Միջազգային կազմակերպությունների ֆինանսական օժանդակությամբ լուրջ ներդրումներ են կատարվում, եւ շուրջ 84 կմ ոռոգման համակարգ կունենանք։ Այսինքն, երկու տարի հետո, այս ոռոգման համակարգի շնորհիվ Արմավիրի գյուղատնտեության ոլորտում որակապես նոր միջավայր է ձեւավորվելու։ Ուրախալի է, որ հազարից ավելի աշխատողներ այսօր ոռոգման համակարգի շինարարական աշխատանքներին մասնակցում են, եւ ինչպես մեր շինարարները հավաստիացրեցին, նվազագույն աշխատավարձը 120 հազար դրամ է, ինչը վատ չէ», - ասել է վարչապետը:



Արտագնա նիստերի անցկացման ձեւավորված ավանդույթի համաձայն կառավարությունը լսել է ՀՀ Արմավիրի մարզպետի 2009թ. կատարած աշխատանքների եւ մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը:



Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կառավարության անդամների ուշադրությանն է ներկայացրել գյուղատնտեսության, շինարարության, տրանսպորտի, արդյունաբերության եւ ենթակառուցվածքների բնագավառներում կատարված աշխատանքներն ու առկա հիմնախնդիրները, անդրադարձել առողջապահության, սոցիալական ապահովության, կրթության, տեղական ինքնակառավարման եւ սոցիալ-տնտեսական զարգացման հրատապ հարցերին, պատասխանել վարչապետի եւ նիստի մասնակիցների հարցերին։ Կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը, բարձրացրած հարցերի վերաբերյալ լսել է նախարարների պարզաբանումները։ Առանձնացվել են մարզին բնորոշ լուծում պահանջող հիմնախնդիրները, որոնք հիմնականում առնչվում են քաղաքաշինությանն ու դպրոցաշինությանը:

Սոցիալ-տնտեսական իրավիճակն Արմավիրի մարզում ընդհանուր առմամբ, գնահատվել է բարվոք:



Մեկ այլ` արձանագրային որոշմամբ ի գիտություն է ընդունվել Արմավիրի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված դիմումների, բողոքների եւ առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին հաղորդումը, որով հանդես է եկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---