Հայաստանում արմատական փոփոխություններ հնարավոր են միայն այն դեպքում, եթե դրանք համահունչ են առաջնորդող ուժի ծրագրերին

Հայաստանում արմատական փոփոխություններ հնարավոր են միայն այն դեպքում, եթե դրանք համահունչ են առաջնորդող ուժի ծրագրերին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Նա իր ելույթում նշել է. «Միշտ չէ, որ մենք պատասխանատու քաղաքական պաշտոնների ենք նշանակում հանրապետականների: Կարծում եմ, որ միայն ու միայն ուժեղ կուսակցությունը կարող է այդպես վարվել` դրանով իսկ հնարավորություն տալով այն բազմահազար համակիրներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով կուսակցությունում չեն, բայց մշտապես եղել են մեզ հետ, իրականացրել են մեր ծրագրերն ու քաղաքականությունը: Մենք այս կուրսը շարունակելու ենք: Ցանկացած դեպքում, եթե տեսնենք, որ տվյալ գործը կարող է ավելի լավ կատարել մեկ այլ անկուսակցական, մենք այդպես ենք վարվելու»:

Նախագահը նշել է, որ Հայաստանի պետականության զարգացման գործում առաջնային դերը կատարում է երկրի ու ժողովրդի առջև ամենամեծ պատասխանատվությունը, այսինքն իշխանության պատասխանատվությունը ստանձնած քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իհարկե, կոալիցիոն գործընկերների հետ միասին:

«Հայաստանի ու մեր սերունդների ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնած Հանրապետական կուսակցությունը պարտավոր է ստանձնել նաև քաղաքական, հասարակական և տնտեսական արդիականացման առաջամարտիկի դերը: Իսկ առաջնորդող ուժը պետք է լինի նաև ամենաօրինակելին, ամենաառողջն ու ամենաարդիականը: Միայն նման ուժը կարող է իր դաշնակիցներից ու ընդդիմախոսներից նույնը պահանջել: Կուսակցության արդիականացումը սկսվում է հենց մեզնից` ինձնից, ձեզնից, մեր կուսակցական ընկերներից: Եվ կրկին. մեր այն կուսակիցները, ում Հանրապետականը պաշտոն է վստահել, պիտի լինեն արդիականացման առաջին գծում կամ էլ պարտականությունները թողնեն ավելի նախանձախնդիր կուսակիցներին: Մենք փոփոխությունները սկսում ենք մեզնից: Մեր երկրում հասարական, քաղաքական և տնտեսական արմատական փոփոխություններ հնարավոր են միայն այն դեպքում, եթե այդ փոփոխությունները համահունչ են առաջնորդող ուժի ծրագրերին և հետևողականորեն իրականացվում են պետական իշխանության կողմից: Մինչ օրս Հանրապետական կուսակցությունը դրսևորել է քաղաքական կամք և հետևողականություն: Հանրապետականը այսուհետ ևս հետևողական է լինելու իր յուրաքանչյուր նախաձեռնության իրականացման գործում»,- ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---