ՀՀԿ. Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա իրենց հետ ուլտիմատումի լեզվով խոսել

ՀՀԿ. Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա իրենց հետ ուլտիմատումի լեզվով խոսել

PanARMENIAN.Net - «Մենք անընդունելի ենք համարում ուլտիմատումի լեզուն, ինքներս այն չենք կիրառում և թույլ չենք տա այն կիրառել մեր նկատմամբ»,- ասել է Հայաստանի Հանրապետկան կուսակցության (ՀՀԿ) անդամ Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով մարտի մեկի հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջադրած պահանջները:

Ընդ որում, նա նշել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր նախագահության սկզբից ևեթ հանդես է եկել ընդդիմության հետ երկխոսության կողմից, ինչի վկայությունը բազմաթիվ կլոր սեղաններն են կարևոր քաղաքական և տնտեսական հարցերի շուրջ:

ՀՅԴ խմբակցությունից պատգամավոր Լիլիթ Գալստյանն իր հերթին նշել է, որ այսօրվա դրությամբ հայ հասարակության մի զգալի մաս ներկայացված չէ ո'չ խորհրդարանում, ո'չ գործադիր իշխանության մեջ: «Այդ ուժերը փողոցում են մնացել, և իշխանությունները չպետք է զարմանան, որ նրանք փորձում են իրենց խնդիրները լուծել հենց փողոցում»,- ընդգծել է Գալստյանը:

Նա ավելացրել է նաև, որ իրենց վերջին կոալիցիոն հայտարարությամբ իշխանություններն ուժեղացրեցին Հայաստանի քաղաքական դաշտի բևեռացումը:

Մարտի 1-ին Երևանում կայացավ բազմամարդ հանրահավաք` նվիրված 2008 թվականի մարտի դեպքերի տարելիցին, երբ հայկական ընդդիմության բազմօրյա ցույցերը մարտի 1-2-ին վերածվեցին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեցին մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, ձերբակալվեցին մոտ 100 մարդ:

Մարտի 1-ի ցույցի արդյունքներով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը(ՀԱԿ) հայտարարություն է ընդունել, որում պահանջում է Հայաստանի վարչապետի, փոխվարչապետի, Ոստիկանության պետի և այլ պաշտոնատար անձանց հրաժարականը:

Ընդունված հայտարարության համաձայն, ՀԱԿ-ը Հայաստանի իշխանություններին կոչ է անում մինչև մարտի 15-ը Երևանում 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման միջազգային հանձնաժողով ստեղծել կամ վերսկսել փաստահավաք խմբի գործունեությունը: Ընդդիմությունն իշխանություններից պահանջում է նաև մարտի դեպքերի զոհերի և տուժածների ընտանիքներին հատուցում տրամադրել, հանել Ազատության հրապարակում ցույց անցկացնելու վրա դրված արգելքը, դադարեցնել ՀԱԿ կողմնակիցների և ակտիվիստների հանդեպ բռնությունը, վերսկսել A1+ հեռուստաալիքի գործունեությունը, լուծել մի շարք սոցիալական խնդիրներ, որոնք վերջին ժամանակներս սրվել են:

Հայտարարության մեջ ընդդիմությունը նաև Հայաստանին կոչ է անում ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները նորմալ հունի մեջ բերել, վերականգնել բանակցությունների իրական ձևաչափը` ապահովելով ԼՂՀ մասնակցությունը բանակցային գործընթացին:

ՀԱԿ-ը նաև միջազգային հանրությանը, մասնավորապես ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել աջակցությունը Հայաստանի «կառավարող վարչակարգին»: Ցույցի ժամանակ ընդունված հայտարարությունը ՀԱԿ-ին լիազորում է իշխանությունների հետ բանակցություններ վարել մոտակա ամիսների ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:

Փետրվարի 17-ին ՀՀ նախագահի նստավայրում քաղաքական կոալիցիայի կողմերի` Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության միջև ստորագրվել է «Քաղաքական կոալիցիայի հայտարարություն»: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և «Օրինաց երկիր» կուսակցության կողմից` ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ արդեն երեք տարի է Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր» կուսակցությունները կազմել են քաղաքական կոալիցիա, որն իր վրա է վերցրել Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման պատասխանատվությունը:

«Քաղաքական կոալիցիան ձևավորվեց մեր երկրի համար դժվարին պայմաններում: Կոալիցիայի ձևավորումը, նրա նպատակների իրագործման համար կողմերի կամքի և վճռականության հայտարարումն ու իշխանության գործունեության հավաքական պատասխանատվության ստանձնումը լուրջ դեր ունեցան երկրի կայունությունն ու բնականոն ընթացքն ապահովելու համար: Դա նաև կարևոր գործոն դարձավ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու, այդ թվում` հարավօսական իրադարձությունների և աշխարհը համակած խոր ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում սոցիալական լուրջ անկումներ թույլ չտալու գործում: Քաղաքական կոալիցիան վերստին կարևորում է հնարավոր արտաքին սպառնալիքներին համախմբված դիմակայելու անհրաժեշտությունը, երկրում համակարգային փոփոխությունների շարունակականությունը, դրանց նոր ազդակ հաղորդելն ու շոշափելի արդյունքներ երաշխավորելը:

Քաղաքական կոալիցիան հայտարարում է հետճգնաժամային Հայաստանի առաջընթաց զարգացմանն ու մեր հասարակության բարեկեցության բարձրացմանն ուղղված առավել համարձակ քայլերի իրականացման վճռականության մասին` առանձնացնելով կոռուպցիայի դեմ համընդգրկուն պայքարի ու ստվերային տնտեսության էական կրճատման գերակայությունը: Քաղաքական կոալիցիան ընդգծում է միասնականության կարևորությունն այս գործընթացում և վերահաստատում իր քաղաքական պատասխանատվությունն այդ փոփոխությունների համար:

Նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին: Կոալիցիոն գործընկերները համոզված են, որ փոփոխությունների իրականացման հետևողականությունն առավել կմեծացնի կոալիցիայի քաղաքական դերակատարությունն ու նրա հանդեպ հասարակության վստահությունը` հանգեցնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կոալիցիայի ներկայացվածության աճին: Ավելին, քաղաքական կոալիցիան նախագահական ընտրություններում հանդես կգա միասնական թեկնածուով` ի դեմս գործող նախագահի, դրանով իսկ երաշխիքներ ստեղծելով ապահովելու փոփոխությունների հետագա շարունակականությունն ու մեր երկրի կայուն առաջընթացը հաջորդող հինգ տարիների ընթացքում»,-ասվում է կոալիցիայի հայտարարության մեջ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---