Ադրբեջանը հույսը չի կտրում Հայաստանի շրջափակմանը Իրանին միանալ ստիպելու հարցում, բայց ապարդյուն

Ադրբեջանը հույսը չի կտրում Հայաստանի շրջափակմանը Իրանին միանալ ստիպելու հարցում, բայց ապարդյուն

PanARMENIAN.Net - Բաքուն օգտվում է ցանկացած առիթից, որպեսզի հերթական անգամ հայտարարի «հողերն ազատագրելու վճռականության» մասին: Հերթական առիթը դարձավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը Թեհրանում Նովրուզի տոնակատարության ժամանակ: Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովայի խոսքով, Իրանը չպետք է Ադրբեջանի ազգային շահերին հակասող քայլեր ձեռնարկի, առնվազն այն պատճառով, որ դա իսլամական երկիր է:

Փոխխոսնակն Իրանին կոչ է անում միանալ Հայաստանի շրջափակմանը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: «Եթե Իրանը օգնություն ցուցաբերի Հայաստանին, շրջափակված հայկական կառավարությունը ստիպված կլինի բանակցությունների գնալ»,- գտնում է Մուրադովան` ավելացնելով, որ պատերազմը Հայաստանին շատ չարիքներ կբերի:

Հայաստանն արդեն 20 տարի է, ինչ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման մեջ է ապրում, իսկ Թեհրանն իր կողմը գրավելու` Բաքվի բոլոր ջանքերը ձախողվում են: Իրանն իր հերթին կշռադատված քաղաքականություն է վարում տարածաշրջանում` շատ լավ հասկանալով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ չի կարելի որևէ մեկի կողմն անցել, և բոլորովին չի ցանկանում այդ հարցում հետևել Թուրքիայի տխրահռչակ օրինակին:

Ինչպես գրում էր ադրբեջանական «Էխո» թերթը, անցյալ տարվա աշնանը Ադրբեջանն Իրանին խնդրել էր ադրբեջանական բանակին Արաքս գետի երկայնքով Ֆիզուլիի, Ջեբրաիլի և Զանգելանի ուղղությամբ միջանցք տրամադրել հարձակման համար և կտրուկ մերժում ստացել անգամ չնայած այն բանին, որ ռազմական միջանցքի տրամադրման դիմաց ադրբեջանական կողմը Իրանին լիակատար չեզոքություն էր երաշխավորում Արևմուտքի հետ Իրանի պատերազմի դեպքում:

2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին ադրբեջանցիներն աշխարհով մեկ բողոքի ցույցեր էին անցկացնում Հայաստանի և Իրանի զարգացող հարաբերությունների դեմ: Օրինակ, փետրվարի 4-ին Անկարայում Իրանի դեսպանատան առջև անցկացվեց բողոքի ակցիա «Իրանի կողմից Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու և Հայաստանի հետ ԻԻՀ մտերմանալու դեմ»: Ակցիայի մասնակիցները, որոնց թվում կային ադրբեջանական արմատներ ունեցող Թուրքիայի քաղաքացիներ, սև ծաղկեպսակ դրեցին Իրանի դեսպանատան առջև: Փետրվարի 9-ին Բաքվում «Ադրբեջանի հանդեպ Իսլամական հանրապետության պաշտոնական անձանց անհարգալից վերաբերմունքի և Հայաստանի հետ ԻԻՀ մտերմացման դեմ» ցույցը բարեհաջող ցրվեց ոստիկանության կողմից: Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական իշխանություններն այդ կերպ ցանկացան ցույց տալ, որ ոչ մի կապ չունեն նման ցույցերի կազմակերպման հետ:

Այդ ընթացքում Մահմուդ Ահմադինեժադը կոչ է անում ընդլայնել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ և զարգացնել տարածաշրջանային համագործակցությունը: Նրա խոսքով, Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման հեռանկարները սահման չունեն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---