Ստեփան Սաֆարյան. Դեռ վաղ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում ակնկալել

Ստեփան Սաֆարյան. Դեռ վաղ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում ակնկալել

PanARMENIAN.Net - Իրավիճակն աշխարհում ու ուժերի հարաբերակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար հիմք չեն տալիս: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: «Չի կարելի մեծ ակնկալիքներ ունենալ ցեղասպանության միջազգային գործընթացից, քանի որ այս ընթացքում ոչինչ չի փոխվել: Ուժերի այն հարաբերակցությունը, որը կար հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման և Ցեղասպանության ճանաչման առումով, պահպանվում է նաև այժմ»,-նշել է նա: Սաֆարյանը հավելել է, որ ուժի համաշխարհային կենտրոնների ու Թուրքիայի միջև նոր խնդիրներ կամ հակամարտություններ չկան, որպեսզի ակնկալենք, որ Ցեղասպանությունը կճանաչվի նաև այլ երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում:

Ըստ Սաֆարյանի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում առաջընթացի հասնելու համար, հարկավոր է հրաժարվել Հայ-թուրքական արձանագրություններից: Ըստ նրա, արձանագրությունները հնարավորություն են տալիս Ցեղաասպանության հակառակորդներին ու կողմնակիցներին այլ երկրներում խուսափել այդ խնդրից: «Եթե մենք ցանկանում ենք, որ Ցեղասպանության ճանաչման հարցը մտնի օրակարգ, ապա օրակարգից պետք է հանվի արձանագրությունների հարցը»,-նշել է նա: Նա նաև հավելել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար նոր գործընթաց է հարկավոր, առանց նախապայմանների ակնարկի անգամ: «Հարկավոր են խաղի նոր կանոններ և պետք է հրաժարվել հներից»,-ասել է նա:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---