Սյունիքի մարզում Տիգրան Սարգսյանը ծանոթացավ հանքարդյունաբերող ընկերությունների գործունեությանը

Սյունիքի մարզում Տիգրան Սարգսյանը ծանոթացավ հանքարդյունաբերող ընկերությունների գործունեությանը

PanARMENIAN.Net - Սյունիք կատարած եռօրյա այցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, որի սեփականատերը 2008 թ. դեկտեմբերից համարվում է «Գեոպրոմայնինգ» ընկերությունը: Կառավարության ղեկավարը շրջել է կոմբինատով` ծանոթացել վերջինիս արտադրական գործունեությանը:

Ձեռնարկության ղեկավարությունը վարչապետին տեղեկացրել է, որ ծրագրվում է հանքաքարի վերամշակումը 2012 թ. հասցնել տարեկան 2,7 մլն տոննայից մինչև 3,5 մլն-ի: Այս նպատակի իրականացման համար այժմ իրականացվում է կոմբինատի ամբողջական վերակառուցում և հարստացուցիչ ֆաբրիկայի նորագույն ֆլոտացիոն մեքենաներով հագեցված նոր մասնաշենքի կառուցում, որը կավարտվի այս տարեվերջին:

2011 թ. օգոստոսի վերջին կոմբինատի հանքաքարի հանույթը կազմել է 1,8 մլն տոննա: Արտադրվել է 18 հազար 900 տոննա պղնձի և 428 տոննա մոլիբդենի կոնցենտրատ: Ներկայում կոմբինատում աշխատում է 912 աշխատակից՝ Ագարակ քաղաքի բնակչության 1/3-ը:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Քաջարան` տեղի պնղնձամոլբդենային կոմբինատ: Այն Քաջարանի հանքավայրը շահագործում է բաց եղանակով` արդյունահանելով տարեկան 12,8 մլն տոննա հանքաքար:

Ընկերությունն արդյունահանում և վերամշակում է մոլիբդենի ու պղնձի հանքաքար, որի վերամշակումից ստացվում են պղնձի և մոլիբդենի խտանյութեր:

Մոլիբդենից ստացվող օքսիդը և ֆերրոմոլիբդենը հիմնականում օգտագործվում են պողպատաձուլման մեջ` որպես ուժեղացնող, ջերմակայունացնող և հակակորոզիոն բաղադրիչներ:

Արդյունահանված հանքաքարը վերամշակվում է կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայում, որտեղ արտադրվում են մոլիբդենի և պղնձի խտանյութեր, որոնք հետագայում վերամշակվում են Հայաստանում և այլ երկրներում:

Վարչապետը եղել է նաև Քաջարանի «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ի արդյունաբերական էմուլիսոն պայթուցիկների արտադրությամբ զբաղվող գործարանում, ծանոթացել այստեղ իրականացվող աշխատանքներին:

Կառավարությունն այս տարեսկզբին որոշում էր կայացրել մինչև երեք տարի ժամկետով հետաձգել «Ապառաժ մայնինգ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերով ներմուծվող 300-ական մլն դրամը գերազանցող արժեքով հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը: «Ապառաժ մայնինգը» կառուցում է արդյունաբերական էմուլսիոն պայթուցիկ նյութերի արտադրության ժամանակակից գործարան` իրականացնելով մոտ 453 մլն ՀՀ դրամի ներդրում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---