Հայաստանի 20-ամյա անկախության քաղաքական արդյունքները

Հայաստանի 20-ամյա անկախության քաղաքական արդյունքները

PanARMENIAN.Net - 1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը: Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետության ստեղծման օգտին, և քաղաքացիների 95 տոկոսը, որոնք ունեին ձայնի իրավունք, այդ հարցին դրական պատասխան տվեցին:

Ինչպես և 1918-ին, Հայաստանը ստիպված էր իր պետականությունը ստեղծել պատերազմական իրավիճակում: Եվ եթե Առաջին հանրապետությունը սերունդների հիշողության մեջ կմնա Սարդարապատի հերոսամարտի շնորհիվ, ապա Երրորդ հանրապետության ծնունդն անքակտելիորեն կապված է Արցախի ազատամարտի հետ: Ադրբեջանի կողմից սկսած ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի արդյունքը դարձավ Արցախի Հանրապետության ծնունդը և կարելի է գլխավոր ձեռքբերումը և նվաճումը համարել նոր հայկական պետության ստեղծումը: Եվ հիմա, հայ հասարակության պառակտման, տարբեր քաղաքական ուժերի` միմյանց նկատմամբ թշնամանքի և ատելության պայմաններում նոստալգիայով ես հիշում այն միասնությունը և լուսավոր հավատն անկախ Հայաստանի ապագայի նկատմամբ, որը 1990-ականների սկզբին միավորում էր բոլոր հայերին: Բայց չէ՞ որ այդ ժամանակ կյանքը և խնդիրներն ավելի ծանր էին, քան հիմա: Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմ, շրջափակում, ցուրտ, մթություն, էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, բացակայություն, քարտերով հաց...

Հայկական պետականության համար ամենաբարդ փորձությունը, որքան էլ դա տարօրինակ լինի, ոչ թե պատերազմն էր արտաքին թշնամու հետ, այլ դրանից հետո սկսված խաղաղ կյանքը: Հենց այդ տարիներին Հայաստանում իշխող Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ) Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ սկսեց իշխանության համար ներքաղաքական պայքար, որում հանուն իշխանության պահպանման կարելի էր գնալ ցանկացած քայլի` սկսած ընտրությունները կեղծելուց, վերջացրած քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ բռնությամբ: Տեր-Պետրոսյանը և նրա շրջապատն իրենց մեջ ուժ չգտան ճանաչել 1996-ի ընտրությունների արդյունքները, և որոշեցին կեղծիքների և ուժի օգնությամբ պահել իշխանությունը: Եվ դրանից հետո միմյանց փոխարինող իշխանությունները չէին խորշում իշխանությունը պահելու համար նման մեթոդներից:

Հետաքրքիր մետամորֆոզներ ապրեց իշխանության վերաբերմունքը ղարաբաղյան խնդրի հանդեպ: Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանության գլուխ անցավ Արցախի ազատության համար ժողովրդական պայքարի ալիքի վրա, բայց հետո պատրաստ էր զոհաբերել այդ նույն Արցախով, որի համար այդքան արյուն էր թափվել: Հենց դա պատճառ դարձավ, որ քաղաքական վերնախավի որոշ օղակներ որոշեցին հեռացնել Լևոն Տեր-Պետրոսյանին իշխանությունից: Նրան փոխարինեց այդ ժամանակ Հայաստանի վարչապետ, Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեծ քաղաքականություն վերադարձավ Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, որը վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ հզոր կոալիցիա ստեղծեց: Սակայն այդ միությանը վերջ դրեցին 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերը, երբ ահաբեկիչների խումբը Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեցին Ազգային ժողովի շենք և գնդակահարեցին խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանին և վարչապետ Վազգեն Սարգսյանին: Այդ դեպքերը մինչև հիմա ծածկված են գաղտնիքի քողով, և այդպես էլ չբացահայտվեց, թե արդյոք դա ինչ-որ մեկի կողմից պլանավորված ակցիա էր, թե Հունանյանը և նրա խմբավորումը գործում էին միայնակ:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց կայունացնել երկիրը, Հայաստանը սկսեց աստիճանաբար զարգանալ` ցուցադրելով տնտեսական աճի երկնիշ ցուցանիշներ:

Հայաստանում քաղաքական պայքարը նոր շրջան մտավ 2008-ին, երբ Քոչարյանին փոխարինած Սերժ Սարգսյանի մրցակիցը դարձավ մինչ այդ մի քանի ստվերում գտնվող առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրան հաջողվեց իր շուրջ համախմբել արմատական ընդդիմությանը, ինչը թույլ տվեց նրան գնալ իշխանությունների հետ կոշտ և բացահայտ առճատակման: Երկու կողմերի գործողությունների արդյունքը դարձան 2008-ի մարտի 1-ի ողբերգական դեպքերը, որոնց արդյունքում մահացավ 10 հոգի և հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: Երկրում մտցվեց արտակարգ դրություն, և բանակի օգնությամբ իշխանություններին հաջողվեց երկրում կայունացնել իրավիճակը: Մարտյան դեպքերի հետևանքով ծագած քաղաքական ճգնաժամին գումարվեց համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը հզոր հարված հասցրեց թե հայկական տնտեսությանը, թե երկրի սոցիալական դրությանը:

Պետք է նշել, որ չնայած նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իշխանության ձեռնարկած ջանքերին, Հայաստանին այդպես էլ չհաջողվեց մինչ օրս չեզոքացնել մարտյան դեպքերի հետևանքները: Հասարակության մեջ որոշակի հույսեր արթնացրեց իշխանությունների և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի միջև սկսված քաղաքական երկխոսության գործընթացը, որի արդյունքը դարձավ մարտյան իրադարձությունների հետևանքով ձերբակալված մարդկանց ազատ արձակելը, ինչպես նաև իշխանությունների և ընդդիմության միջև առճակատումը որոշ չափով մեղմելը: Սակայն քաղաքական երկխոսության գործընթացի շուրջ ծավալվող վերջին զարգացումները, ՀԱԿ արմատական պահվածքը և նրա հայտարարությունները վկայում են այն մասին, որ Հայաստանին սպասում է թեժ քաղաքական աշուն:

Իսկ մենք կարող ենք միայն փաստել, որ 1991-ի ազգային միասնությունից մենք դեռ շատ հեռու ենք, և հասարակությունը պետք է հսկայական ջանքեր գործադրի, որպեսզի կարողանա վերացնել այն անդունդը, թշնամանքի և ատելության մթնոլորտը, որն առաջացել է մեր ժողովրդի տարբեր խմբերի միջև:

 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---