«Armnet Awards 2011»-ին գրանցվել է արդեն 400 կայք

«Armnet Awards 2011»-ին գրանցվել է արդեն 400 կայք

PanARMENIAN.Net - «Armnet Awards 2011» մրցանակաբաշխության կայքերի գրանցման վերջնաժամկետին մնացել է երկու օր։ Նոյեմբերի 27-ի երեկոյան ժամը 18։00-ին գրանցումը կդադարեցվի։

«Armnet 2011» միջոցառման համակարգող և կազմակերպիչ SPMS ընկերության ներկայացուցիչ Ժիրայր Թերզյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ մրցանակաբաշխությանը մասնակցելու համար armnetawards.am կայքում արդեն գրանցվել է մոտ 400 կայք։

Ըստ Ժիրայր Թերզյանի, բազմիցս են եղել այնպիսինները, որոնք չեն համապատասխանել մասնակցության համար պահանջվող պայմաններին և ջնջվել են։ «Շատ են խախտում կանոնները։ Նոյեմբերի 28-ին արդեն, երբ գրանցումն ավարտված կլինի, ժյուրիի մասնակիցները կսկսեն ուսումնասիրել կայքերը»,-ասաց նա։ Նրա խոսքով ժյուրիի անդամներն առանձին-առանձին են դիտելու կայքերը, ապա միասին քննարկելու են դրանք։

Մասնակցության համար կայքերը պետք է համապատասխանեն 3 պայմաններից առնվազն 2-ին։ Դրանք են՝ նախատեսված լինեն հայկական շուկայի համար, ներկայացնեն Հայաստանի, հայերի, սփյուռքի մշակույթը, պատմությունը, խնդիրները և այլն և 3-րդ պայմանն է՝ ամբողջովին նախագծված լինեն Հայաստանում գրանցված ընկերության կողմից։

«Armnet Awards 2011»-ը կկայանա դեկտմեբրի 3-ին Armnet-ի միջոցառումների շրջանակներում։ Armnet-ի նպատակն է հայկական վեբ միջավայրի զարգացումը և խրախուսումը։ Մրցանակաբաշխությունն ունենալու է 8 անվանակարգ՝ Դիզայն և հարմարավետություն, Տարվա նորարարություն, Տեխնիկական կատարում, Լավագույն բովանդակություն, Տարվա առաջըթաց, Գլխավոր մրցանակ, Orange-ի կողմից սահմանված մրցանակ՝ լավագույն մոբայլ լուծում կայքի համար և Ժողովրդական ընտրություն։

«Ժողովրդական ընտրություն» անվանակարգում լավագույնին կընտրի հանրությունը SMS քվերակրությամբ՝ 10-41 կարճ համարին՝ նշելով նախընտրած մասնակից կայքի հատուկ համարը, իսկ մնացածին ժյուրին։

Ժյուրիի կազմում են Begun ընկերությունից Դմիտրի Դանիլենկոն, Google-ից Ստանիսլավ Վիդյաևը, Opera Software-ից Վլադիմիր Իսաևը, ՆեոՄեդիայից Վարդան Պապիկյանը, դիզայներ Արա Ասլանյանը, APMA-ի հիմնադիր Ալբերտ Պողոսյանը, Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, France Telecom-ից Թոմաս Կոլերը, Artviko-ից Յարոսլավ Գրեշլիովը, ԵՊՀ պրոֆեսոր Գրիգոր Վահանյանը, ԻՏՁՄ տնօրեն Կարեն Վարդանյանը և Hayland.am-ի ղեկավար Արտաշետ Մկրտչյանը։

«Armnet 2011» միջոցառման կազմակերպիչներ SP Marketing Solutions, Orange Armenia ընկերությունները և Հայաստանի Ինտերնետ hանրության ՀԿ-ն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---