7 մարտի 2011 - 15:32 AMT
21:06 GMT
Հայաստանում վերջին մի քանի տարվա ընթացքում գարնանային տոները նշվում են մի ամբողջ ամիս՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը: Եվ, ինչպես միշտ, տոների նախաշեմին ծաղիկների շուկայում սկսվում է իրարանցում, ծաղիկների գները բարձրանում են միջինը 30-40 տոկոսով, իսկ որոշ ծաղիկների գները՝ 100 տոկոսով: «Ծաղիկների գները գարնանային տոների շրջանում թելադրում է շուկան, և պետք չէ գուշակել, թե որ ծաղիկն ինչ կարժենա»,- հավաստիացրել են Flowers Armenia Inc-ից: Այստեղից նաև PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են, որ մեծ պահանջարկ ունի ծաղիկների թագուհին՝ վարդը, ինչպես նաև հերբերան և շուշանը: Վերջին շրջանում հաճախորդներին հետաքրքրում են էկզոտիկ ծաղիկները, յուրօրինակ խոլորձները, կալա հիշեցնող կարմիր ծաղիկները՝ անտուրիում, որոնք վաճառվում են ինչպես փնջով (5000 դրամ), այնպես էլ առանձին: Նման ծաղիկների տեղափոխման դեպքում ռիսկը մեծ է, քանի որ դրանք տեղափոխվում են ջերմաստիճանային նորմերը հաշվի առնելով և կարող են «ապրել» 20-30 օր, իսկ ջերմաստիճանի անկման դեպքում դրանց «կյանքը» զգալիորեն կրճատվում է: