Հայաստանի հակամենաշնորհային մարմինը թույլ չի տա, որպեսզի 1 պարկ պարարտանյութը վաճառվի 10 հազ. դրամով

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մայիսի 6-ին կայացած նիստում հրապարակեց մարտի 30-ին ազոտական պարարտանյութերի շուկայում սկսված ուսումնասիրության արդյունքները: Ինչպես նշվում է ՏՄՊՊՀ մամլո ծառայության հաղորդագրության մեջ,

ուսումնասիրության ընթացքում պարզվել է, թե որ ընկերություններն են հանդիսանում այս շուկայում գերիշխող: Այսպես, 2011թ. առաջին եռամսյակի տվյալներով ազոտական պարարտանյութի շուկայում գերիշխող են «Քեթրին գրուպ» ընկերությունը, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 30 տոկոս, «Ագրիմատկո Արմենիան»` իրացման 24 տոկոս և «Մասիսի բերրիություն» ընկերությունը` 22 տոկոս մասնաբաժիններով:

Նշված տնտեսվարողների կողմից գերիշխող դիրքի չարաշահման առկայությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը կատարել է նրանց գործունեությունների մանրամասն ուսումնասիրություն: Այսպես, 2010-ի մարտին այս ընկերությունների մոտ 1 պարկ (50 կգ ) ազոտական պարարտանյութի ձեռքբերման գինը կազմել է 5600-5800, իսկ վաճառքի գինը՝ 6300-6500 դրամ: Այս տարվա մարտին նրանք պարարտանյութը ձեռք են բերել 6000-6200 դրամով և, ըստ ներկայացված փաստաթղթերի իրացրել 6800-7000 դրամով: Սակայն, Հանձնաժողովի մոնիտորինգի ընթացքում պարարտանյութի մանրածախ առևտրի կետերում արձանագրվել է մինչև անգամ 10 հազար դրամ գին` 1 պարկի դիմաց:

Վերոնշյալի հիման վրա Հանձնաժողովը որոշեց սահմանել հատուկ հսկողություն` պարարտանյութի վաճառքի գների վրա և վերահսկել, որպեսզի խոշոր ներկրողները 1 պարկ պարարտանյութի համար 7 հազար դրամից ավելի գին չսահմանեն: Ընդ որում նշված գները պետք է գործեն ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ վաճառքի դեպքում:

«Այս շուկան գտնվում է Հանձնաժողովի խիստ վերահսկողության տակ, և Հանձնաժողովը հետամուտ է, որպեսզի բացահայտվեն սպեկուլյացիոն երևույթները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---