Ինչպես «Օսկարն» է կինոարտադրությունում, այնպես էլ Օլիմպիադան է սպորտում

Արսեն Ջուլֆալակյան.

Ինչպես «Օսկարն» է կինոարտադրությունում, այնպես էլ Օլիմպիադան է սպորտում

PanARMENIAN.Net - Հայ ամենահայտնի ու տիտղոսակիր հունահռոմեական ըմբիշներից է Արսեն Ջուլֆալակյանը, ով նաև ավարտել է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: PanARMENIAN.Net-ի հետ զրույցում Արսենը պատմել է ըմբիշի որակների, մարզիչ-մարզիկ հարաբերությունների, ըմբշամարտի հետաքրքրության և Օլիմպիական սպասումների մասին:
Արսե'ն, ի՞նչը պատճառ հանդիսացավ, որ դու ընտրես հենց հունահռոմեական ոճի ըմբշամարտը:
Երևի պատճառ դարձավ այն, որ հայրս` Լևոն Ջուլֆալակյանը, Օլիմպիական չեմպիոն է, ու մեր տունը լցված է սպորտային ոգով: Բայց ինձ չեն ստիպել, որ ես ընտրեմ ըմբշամարտը: Նույնիսկ դաշնամուրի ու ռոք-ջազ խմբակ եմ գնացել: Բայց 11 տարեկանից որոշեցի ամբողջությամբ տրվել ըմբշամարտին:

Քեզ հաջողվել է նվաճել բազմաթիվ տիտղոսներ, այդ թվում Եվրոպայի չեմպիոնի, աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մեդալներ: Ի՞նչ է պետք նման բարձրունքներ նվաճելու համար:
Աշխատասիրությունն ու համառությունը շատ կարևոր են, ու այդ որակներն ինձ շատ են օգնում: Եթե ես համառ չլինեմ, չեմ կարողանա հասնել հաջողությունների: Ու, իհարկե, կարևոր են նաև առողջությունն ու սպորտային բախտը: Պետք է կարողանաս նաև պահը բռնել ու հասնել քո ուզածին:

Իսկ դժվա՞ր է տրվել քեզ այդ ամենը:
Շատ: 13 տարի շարունակ ամեն օր մարզվել եմ 2-3 անգամ, ռեժիմ ու ճիշտ սննդակարգ պահել, ու ամեն ինչ հսկողության տակ: Բայց ես չեմ գտնում մի այլ բնագավառ, որ կարողանամ համեմատել սպորտի հաղթանակների հաճույքի հետ: Երբ հաղթում ես, քո ձեռքը բարձրացնում են` աննկարագրելի ակնթարթներ են սրանք ու հանուն դրա արժե նման զոհողությունների գնալ:

Օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կարելինն ասել է, որ ըմբիշն իր հետ պետք է գորգ տանի երեք կարևոր հատկանիշ` ոչ մեկից չվախենալու ունակություն, աշխատասիրություն և ինքնասիրություն: Համամի՞տ ես:
Աշխատասիրությունը շատ կարևոր հանգամանք է: Գիտեք, ես կարծում եմ, որ վախը ինչ-որ չափով պետք է լինի: Երբ որ չկա վախը, գալիս է չափից ավելի ինքնավստահություն, որը խանգարում է: Միշտ պետք է սպառնալիք ունենաս, բայց պետք է հիշես, որ դու ավելի լավ ես պատրաստ և ինքնավստահ գորգ բարձրանաս: Ինքնվստահությունը չափազանց կարևոր է: Երբ որ ես մտածում եմ, որ մարտից հետո կարող է մրցակցիս ձեռքը բարձրացնեն, ինչքան ուզում է վատ լինեմ, անում եմ ամեն ինչ, որ դա այդպես չլինի:

Ո՞ր պահին ես զգում, որ պատրաստ ես մեդալ նվաճել, և երբ գորգ ես դուրս գալիս, արդեն զգո՞ւմ ես, որ այդ մարտում կհաղթես:
Լինում են պահեր, երբ զգում ես, որ շատ լավ պատրաստ, կենտրոնացած ես մարտի ու մրցակցի վրա, պատկերացնում ես միայն քեզ, մարզչիդ, դատավորին ու մրցակցիդ: Բայց գոտեմարտից առաջ 100 % չես կարող վստահ լինել, որ կհաղթես: Դու պարզապես զգում ես, այդ պահին լավ վիճակում ես թե ոչ:

Ի՞նչ է ասում քեզ Լևոն Ջուլֆալակյանը կարևոր մարտից առաջ:
Ցանկացած մարտից առաջ մենք խոսում ենք, քննարկում մրցակցի մարտավարությունը, ինձ խորհուրդներ է տալիս: Որոշում ենք, թե ինչպես է պետք պաշտպանվել, հարձակվել, այսինքն կազմում ենք գոտեմարտի ամբողջ սխեման: Հետո ուղղակի ոգևորիչ բառեր է ասում, որ դու ուժեղ ես, վստահ եղիր, ու բարձրանում եմ գորգ:

Իսկ ինչպիսի՞ն են քո հարաբերությունները հայրիկիդ՝ մարզչիդ հետ:
Մարզումների և մրցումների ժամանակ զուտ պրոֆեսիոնալ, բարեկամական ու, մանավանդ, արյունակցական կապի մասին խոսք էլ չկա: Ասեմ, որ այլ կերպ սպորտում չի էլ կարող լինել, որովհետև այն խստություն է պահանջում ու պետք է լինի մարզիկ-մարզիչ հարաբերություն:

Ձեր մարզումների ժամանակ շատ եք զբաղվում նաև խաղային մարզաձևերով: Մի անգամ հետևում էինք, թե ինչպես եք բասկետբոլ խաղում, որը, մեղմ ասած, այդքան էլ նման չէր բասկետբոլի:
Շատ ճիշտ եք նկատել: Մեր խաղացած բասկետբոլը ավելի շատ նման է ռեգբիի: Մենք շատ ենք խաղում նաև ֆուտբոլ: Այս ամենը պետք է ըմբիշին ` ճկունություն, արագություն, ռեակցիա, և հենց դրա համար ենք խաղում: Ես ըմբշամարտը սիրում եմ հենց նրա համար, որ այն շատ տարբեր է: Ես օրինակ չեմ կարող մեկ ամիս շարունակ միայն գորգի վրա լինել, կձանձրանամ ուղղակի: Իսկ երբ դրան գումարվում են ծանրամարտը, ֆուտբոլը, գիմնաստիկան, լողը ` շատ հետաքրքիր է ստացվում, ու դու չես ձանձրանում:

Արսե'ն, Օլիմպիական խաղերին հաշված օրեր են մնացել: Ի՞նչ է այն քեզ համար:
Չեմ ցանկանա կրկնվել, բայց ցանկացած մարզիկի համար Օլիմպիական խաղերը գերագույն նպատակ են: Ինչպես «Օսկարն» է կինոարտադրությունում, այնպես էլ Օլիմպիադան է սպորտում: Այն իմ կյանքում էլ մեծ տեղ է գրավում, հուսամ, որ կարդարցնեմ իմ սպասումները:

Դու մասնակցել ես նաև Պեկինի Օլիմպիական խաղերին: Ի՞նչ դասեր ես քաղել այդ ժամանակ, որոնք թույլ չես տա արդեն Լոնդոնում:
Չգիտեմ ինչպիսին կլինեն լոնդոնյան խաղերը, բայց հիմա ես շատ ավելի փորձառու եմ, գնում եմ միայն մեդալի հետևից ու մի տեսակ կարծես սովորական մրցման լինեմ մեկնելիս: Պեկինում ավելի էմոցիոնալ էի, հիմա շատ ավելի հանգիստ ու հավասարակշռված եմ:

Դու Պեկինում մասնակցել ես խաղերի բացման արարողությունը: Ի՞նչ էիր զգում այդ պահին, և ի՞նչ ես կարծում, հոգնածությունը չի խանգարում մարզիկներին արդեն ելույթի ժամանակ:
Գիտեք, չէի ասի հոգնածություն, այդ պահին այնքան դրական էմոցիաներ ես ստանում, այդքան մարդ տեսնելով` պատասխանատվությունն ավելի է շատանում: Պեկինում ես երիտասարդ էի ու մեծահասակների առաջնություններում լուրջ հաջողություններ չէի ունեցել, ու երբ իմ կողքից քայլում էին Օլիմպիական եռակի, քառակի չեմպիոններ ու մրցանակակիրներ` ձգտում էի հասնել նրանց:

Իսկ Լոնդոնում կմասնակցե՞ս բացման արարողությանը:
Ամենայն հավանականությամբ` ոչ: Քանի որ իմ ելույթի օրը մոտ է լինելու, չեմ մասնակցի: Բայց հուսամ, որ փակման արարողությանը լավ տրամադրությամբ ներկա կլինեմ:

Իսկ քո ելույթից հետո գնալո՞ւ ես հետևելու մեր մյուս մարզիկների ելույթներին:
Ես միշտ էլ, երբ վերջացնում եմ ելույթս, գնում և հետևում եմ մեր տղաներին, ու կարծում եմ բոլորս էլ կգնանք: Քանի որ մեր հավաքականը թվով այդքան էլ մեծ չի մյուս թիմերի հետ համեմատած` պետք է բոլորս էլ գնանք, աջակցենք ու օգնենք միմյանց: Իհարկե, միայն այն դեպքում, երբ արդեն ավարտել ենք մեր ելույթը:

Ինչպիսի՞ն է մեր այս տարվա Օլիմպիական հավաքականը:
Բոլոր այն մարզիկները, ովքեր նվաճել են ուղեգրեր, արժանիորեն են դա արել: Լավ թիմ է, ու կարծում եմ, որ մեդալների որակով այս Օլիմպիադան ավելի լավն է լինելու, քան Պեկինինը: Եթե ոչ մի քանի ոսկե, ապա գոնե մեկ ոսկե մեդալ կկարողանա մեր թիմը նվաճել:

Իրադարձություններից առաջ չընկնենք, բայց որպես փորձառու մարզիկ, ի՞նչ ես կարծում, ինչպիսի՞ն կստացվի այս Օլիմպիադան մեր հավաքական թիմի համար:
Այս չորս տարիների ընթացքում մեր մարզիկները ցույց են տվել իրենց որակական հատկանիշները, ու նրանք արժանի են մեդալներ նվաճելուն: Սակայն սրանք Օլիմպիական խաղեր են ու շատ անկանխատեսելի են, հենց սրանով էլ սիրուն է սպորտը: Շատ որակով հավաքական ունենք, ուղղակի պետք է վստահ, հանգիստ մեկնենք Լոնդոն` հուսալով, որ մեզ հետ կլինի նաև հաջողությունը:

Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
Արսեն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ծնվել է 1987 թվականի մայիսի 8-ին Լենինականում (Գյումրի): Հանդես է գալիս մինչև 74 կգ քաշային կարգում:

Արսենը հունահռոմեական ոճի ըմբշամարտով զբաղվում է 11 տարեկանից: 25-ամյա հայ մարզիկը հռչակվել է երիտասարդների աշխարհի հաղթող: Արդեն մեծահասակների պայքարում նա 2009 թվականին Վիլնյուսում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ հռչակվել է հին աշխարհի չեմպիոն:

Մեկ տարի անց` 2010 թվականին, Մոսկվայում աշխարհի առաջնության ժամանակ Արսենը նվաճել է արծաթե մեդալ: Իսկ ահա 2011-ին Ստամբուլի աշխարհի առաջնության ժամանակ կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին` նվաճելով բրոնզե մեդալ և Օլիմպիական խաղերի ուղեգիր:

2009 և 2010 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում Աշխարհի գավաթի խաղարկությունում գրավել է երրորդ տեղը: Իսկ 2010-ին անձնական հաշվարկով գրավել է առաջին հորիզոնականը:

Լոնդոնի Օլիմպիադան նրա համար լինելու է երկրորդը: Արսենը մասնակցել է նաև Պեկինի Օլիմպիական խաղերին:

---