Անդրանիկ Հակոբյանը ցանկացած մրցակցի էլ կարող է հաղթել

Կարեն Աղամալյան.

Անդրանիկ Հակոբյանը ցանկացած մրցակցի էլ կարող է հաղթել

PanARMENIAN.Net - Լոնդոնյան Օլիմպիական խաղերում բռնցքամարտում Հայաստանի պատիվը կպաշտպանի միայն Անդրանիկ Հակոբյանը, որն իր ուղեգիրը նվաճել է Բաքվում կայացած վարկանշային աշխարհի առաջնության ժամանակ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը PanARMENIAN.Net-ին ներկայացրել է Անդրանիկի մարզումային ընթացքը, պատմել է, թե ինչ ակնկալիքներ ունի նրանից և թե ինչու հայ բռնցքամարտիկներին չի հաջողվել ավելի շատ ուղեգրեր նվաճել:
Ինչպե՞ ս են ընթացել Անդրանիկ Հակոբյանի նախապատրաստական աշխատանքները:
Այս տարվա սկզբին Ծաղկաձորում անցկացրել ենք ընդհանուր պատրաստականության մարզում, և Անդրանիկը մեծ ծավալի աշխատանք է կատարել: Դրանից հետո մասնակցել է Հայաստանի առաջնությանը, մեզ համար շատ կարևոր էր նրան գործի մեջ տեսնել: Նա անցկացրել է 3 մենամարտ ու դարձել Հայաստանի չեմպիոն: Դրանից հետո մասնակցել ենք միջազգային մրցաշարի Ֆինլյանդիայում, ու այնտեղ ևս նա փայլուն է ելույթ ունեցել: Այդ մրցաշարից հետո Անդրանիկը որոշ ժամանակ հանգստացել է: Բելառուսում ևս մասնակցել է մրցաշարի ու վերականգնողական հավաք է անցկացրել Ծաղկաձորում: Պատրաստությունը շարունակել ենք Ծաղկաձորում, որտեղ մեզ միացել է Լիտվայի հավաքականը: Դրանից հետո նա էլի հանգստացել է, այնուհետև մարզումները շարունակել ենք Բելառուսի «Ստայկի» մարզաբազայում` Գերմանիայի, Բելառուսի, Ալժիրի և Մարոկկոյի հավաքականների հետ: Անդրանիկի հետ հավաքի են մասնակցել 2 հայ մարզիկներ, որոնց հետ նա սպարինգներ է անցկացրել:

Պեկինում մեր բռնցքամարտիկները մեկ մեդալ նվաճեցին, այս տարի դուք այդ արդյունքը գերազանցել չեք կարողանա, բայց ևս կարող եք մեկ մեդալով վերադառնալ: Ինչպե՞ ս եք գնահատում Անդրանիկի շանսերը:
Ես սովորաբար կանխատեսումներ չեմ անում, բայց կասեմ, որ Անդրանիկի շանսերը շատ բարձր եմ գնահատում: Թույլ մարզիկ Օլիմպիադայում չի լինելու, Անդրանիկը նրանցից յուրաքանչյուրին էլ կարող է հաղթել, բայց նաև կարող է հակառակը լինել: Նա շատ ստաբիլ մարզիկ է: Անդրանիկը հիմա սովորելու ոչինչ չունի, պետք է պարզապես լավ պատրաստվի ու Օլիմպիական խաղերին մոտենա փայլուն մարզավիճակով: Լոնդոնում կլինենք հուլիսի 24-ին, մեկ օրը մեզ բավական է ակլիմատիզացիայի համար: Հուլիսի 27-ին` խաղերի բացման օրը, տեղի կունենա վիճակահանությունը:

Ըստ ձեզ ի՞ նչը չբավականացրեց մեր մարզիկներին, որպեսզի նրանք կարողանան մեկնել Օլիմպիական խաղեր:
Ես թիմը ընդունել եմ 6 ամիս առաջ, ու այսքան կարճ ժամանակահատվածում անհնար էր նոր թիմ ստեղծել: Իմ գլխավորությամբ առաջին խոշոր մրցաշարը եղել է Բաքվում անցկացված աշխարհի առաջնությունը, որտեղ միայն Անդրանիկին է հաջողվել վարկանիշ վերցնել: Մեկ վարկանշային մրցաշար էլ եղել է Թուրքիայում, որտեղից ձեռնունայն ենք վերադարձել: Եթե այնտեղից էլ մեկ ուղեգիր բերեինք, շատ լավ կլիներ: Իհարկե սպասելիքներ ունեի, բայց հիմա չեմ ուզում խոսել այդ մասին: Վլադիմիր Սարուխանյանը Տրապիզոնում լավ հանդես եկավ, սակայն ազգային հարցեր կային, այդ պատճառով էլ նա դուրս մնաց ուղեգրի համար պայքարից: Սպասելիքներ ունեի նաև Կորյուն Սողոմոնյանից, բայց երևի նրա համար դեռ շուտ էր մեծահասակների մրցաշարերում հանդես գալը:

Դուք որպես գլխավոր մարզիչ ինչո՞ ւմ եք տեսնում ձեր մեղքի բաժինը:
Սխալներ եղել են, նոր թիմը ստեղծելու համար 2-3 տարի է պետք: Հիմա ես մտածում եմ, որ ավելի լավ կլիներ Տրապիզոնի մրցաշարում Հովհաննես Դանիելյանը հանդես գար 49, իսկ Կորյուն Սողոմոնյանը`52 կգ քաշային կարգում:

Դուք երկար տարիներ եղել եք հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի օգնականը, իսկ ինչո՞ վ է տարբերվում գլխավոր մարզչի աշխատանքը:
Ես բազմաթիվ սաներ ունեմ և նրանք շատ մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարերում, բայց ազգային հավաքականում աշխատանքն ավելի պատասխանատու է: Յուրաքանչյուր բռնցքամարտիկի հետ աշխատանքին պետք է առանձնահատուկ կերպով մոտենալ:

Օլիմպիական խաղերից հետո ի՞նչ փոփոխություններ են լինելու հավաքականում:
Ամեն ինչը պետք է բնական լինի, եթե վետերան բռնցքամարտիկը չկարողանա լավ ելույթ ունենալ, նրան կփոխարինի ավելի երիտասարդ մարզիկ: Ցանկացած բռնցքամարտիկ, ով կապացուցի, որ արժանի է թիմում մնալ, կշարունակի իր ելույթները: Ես միշտ հետևում եմ բոլոր հայ բռնցքամարտիկներին, ոմանց ժամանակ է պետք, որ կարողանան դրսևորել իրենց կարողությունները, մյուսների հետ պետք է հատուկ աշխատանք իրականացնել: Բոլոր արժանիները կգրավեն իրենց տեղը հավաքականում:

Եվ ի՞նչ կմաղթեք Օլիմպիական խաղեր մեկնող հայ մարզիկներին:
Բոլորին ցանկանում եմ հաջողություն ու լավ մասնակցություն, որովհետև դրանով նրանք կուրախացնեն հայ ժողովրդին: Նաև մաղթում եմ, որ ավելի բարձր հարգի մեդալներ նվաճեն լոնդոնյան խաղերում:

Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News
---