Արսենին շատ է դուր գալիս, որ կարողանում է փրկել իր թիմին, իսկ Կարենը երազում է երբևէ հանդես գալ անգլիական «Արսենալում»

Արսեն Պետրոսյան և Կարեն Իսրայելյան.

Արսենին շատ է դուր գալիս, որ կարողանում է փրկել իր թիմին, իսկ Կարենը երազում է երբևէ հանդես գալ անգլիական «Արսենալում»

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net-ը այս անգամ բացահայտելու է Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Փյունիկի» դարպասապահներ Արսեն Պետրոսյանին և Կարեն Իսրայելյանին: Նրանք խոսել են հավաքականի առաջիկա հանդիպումներից, թե ինչու են դարձել դարպասապահ, ինչ ֆուտբոլային երազանք ունեն, ով չէին ցանկանա իրենց դարպասին 11 մետրանոց իրացնի և թե ինչպես են քնում կարևոր խաղերից առաջ:
Նոյեմբերին Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում 2 հանդիպում կանցկացնի Չեխիայի և Ուելսի դեմ: Չեխիայի դեմ առաջին խաղում հյուրընկալվելիս մեր ընտրանին 1:1 է խաղացել, իսկ Ուելսին դեռ չեք հանդիպել, բայց նրանք ևս լուրջ հավակնություններ ունեն. ի՞նչ կասեք մրցակիցների մասին:

Արսեն. Մրցակիցները բավականին ուժեղ են, հատկապես` Չեխիան: Երկու հավաքականներն էլ մարտական կազմով են գալու Հայաստան ու անելու են ամեն ինչ հաղթանակի հասնելու համար: Մենք պետք է լավ պատրաստվենք, նախորդ հանդիպումների պես բարձրակարգ խաղ ցուցադրենք ու յուրաքանչյուր թիմից 3 միավոր խլենք:

Կարեն. Մենք դիտել ենք Ուելսի խաղը ու, կարող եմ ասել, որ բավականին ուժեղ ու պինդ թիմ ունեն, բայց մեր միակ նպատակը այդ խաղում հաղթելն ու երեք միավոր վաստակելն է: Խմբում մեզ համար թերևս ամենագլխավոր մրցակիցը Չեխիայի ընտրանին է, բայց հանդիպումը լինելու է մեր դաշտում, և երկրպագուների աջակցությամբ ամեն ինչ անելու ենք հաղթանակի հասնելու համար: Հուսամ, այս խաղերից հետո էլ կշարունակենք գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Ինչպե՞ս եք գնահատում ընտրական 3-րդ խմբից դուրս գալու հնարավորությունները:

Արսեն. Այս պահի դրությամբ Հայաստանի հավաքականը խմբի առաջատարն է, ու պետք է անենք ամեն ինչ, որ տարին ավարտենք առաջին հորիզոնականում: Եթե չեխերին և Ուելսին սեփական հարկի տակ հաղթենք, խմբից դուրս գալու հավանականությունը 80-90 տոկոս կկազմի:

Կարեն. Այս երկու թիմերին հաղթելու դեպքում կշարունակենք ավելի վստահ գլխավորել մեր խումբը: Կարծում եմ, մեր ուժերի սահմաններում է խմբից դուրս գալը:

Խոսենք ազգային հավաքականից, դուք մեկ հանդիպում եք անցկացրել գլխավոր թիմում: Ի՞նչ զգացիք, որ իմացաք հրավեր եք ստացել ազգային հավաքականից:

Արսեն. Իհարկե, շատ ուրախացա ու միաժամանակ նաև հպարտության զգացում ունեի, որ խաղալու եմ ազգային հավաքականում: Բառերով ուղղակի անհնար է նկարագրել զգացողություններս: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար մեծ պատիվ, բայց միաժամանակ նաև պատասխանատվություն է հագնել հավաքականի մարզաշապիկը: Ես հասկանում էի, որ հիանալի հնարավորություն ունեմ ցույց տալու կարողություններս:

Կարեն. Ազգային հավաքականը երիտասարդական հավաքական չէ, ու ավելի բարձր մակարդակի թիմ է: Չեմ կարող բացատրել, թե ինչ զգացողություններ եմ ունեցել, երբ առաջին անգամ ազգային հավաքականից հրավեր ստացա: Շատ ուրախ ու երջանիկ էի ինձ զգում:

Արսեն, քո նորամուտը հավաքականում կայացավ ամենակարևոր ու ճակատագրական խաղում: Ի՞նչ զգացիր, երբ Իռլանդիայի հետ խաղում Ռոման Բերեզովսկու հեռացումից հետո պարզ դարձավ, որ դու պետք է պաշտպանես մեր դարպասը:
Արսեն. Միանգամից շատ մեծ պատասխանատվություն զգացի, հասկացա, թե որքան բան է կախված ինձանից: Ցանկանում էի, որ գոլ բաց չթողնեմ, ու մեր հավաքականը կարողանա հաղթանակի հասնել:

Կարեն, քեզ համար նորամուտը Լիտվայի դեմ ընկերական խաղում էր, որում, ցավոք, մեր հավաքականը պարտություն կրեց: Բայց, ամեն դեպքում, ուսանելի ի՞նչ տվեց քեզ այդ հանդիպումը:
Կարեն. Իսկապես, այդ խաղն անհաջող դասավորվեց թիմի համար, բայց ինձ տվեց շատ մեծ փորձ ու հնարավորություն, որ ես էլ ավելի աշխատեմ իմ սխալների վրա ու անելու եմ ամեն ինչ, որ հետագայում նման բացթողումներ թույլ չտամ:

Հավանաբար դուք հետևել եք մեր ազգային հավաքականի ելույթներին ԵՎՐՈ-2012 ընտրական մրցաշարում: 10 հանդիպումներից ո՞րն է հատկապես առանձնանում ձեզ համար:

Արսեն. Սլովակների հետ պատասխան հանդիպումը, տղաները պարզապես ֆանտաստիկ խաղ ցուցադրեցին ու զարմացրին բոլոր երկրպագուներին, այդ թվում` նաև ինձ:

Կարեն. Սլովակիայում տեղի ունեցած խաղը, որտեղ մերոնք հաղթեցին 4:0 հաշվով: Իսկապես, մեր հավաքականը փայլուն ու շատ գրագետ խաղ ցուցադրեց:

Բրազիլիայում մի ասացվածք կա. «Խենթ է այն երեխան, որը որոշել է դարպասապահ դառնալ»: Դուք ինչպե՞ս եք որոշել դառնալ դարպասապահ:

Արսեն. Հայրիկս է որոշել, որ զբաղվեմ ֆուտբոլով, բայց ես եմ ցանկացել, որ դարպասապահ դառնամ: Ֆուտբոլային առաջին քայլերս կատարել եմ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում ու մինչ այժմ էլ այնտեղ եմ հանդես գալիս: Ինձ միշտ դուր է եկել կանգնել դարպասում, անչափ ուրախանում եմ, երբ կարողանում եմ փրկել վերահաս գոլերից: Դարպասապահը վերջին մարդն է, վերջին հույսը, ու միշտ շատ մեծ պատասխանատվություն ունի: Ես անչափ շատ եմ սիրում իմ գործը ու պետք է ձգտեմ, որ սխալներ թույլ չտամ:

Կարեն. Երբ դպրոց գնացի, ուզում էի նաև ինչ- որ մի մարզաձևով զբաղվեմ` ֆուտբոլով, թենիսով կամ էլ բասկետբոլով: Մայրիկս տարավ ինձ ֆուտբոլի խմբակ, ու այդ ժամանակից սկսած ես սիրեցի այս մարզաձևը: Փոքր ժամանակ չէի զգում` ինչ է ֆուտբոլը, բայց հիմա գիտեմ, որ այն իմ ամեն ինչն է, մի բառով ասած, իմ կյանքն է: Հետաքրքիր է, որ ես խաղում էի որպես հարձակվող: Մի անգամ մենք ունեցանք դարպասապահի կորուստ, ես հագա ձեռնոցներն ու այդ օրվանից էլ մնացի որպես դարպասապահ:

Իդեալական դարպասապահներ շատ քիչ են լինում, ոմանք ուժեղ են օդային պայքարում, մյուսները շատ լավ են հարձակվողների հետ դուրս գալիս մեն-մենակ, ձեզնից յուրաքանչյուրը ո՞րն է համարում իր ուժեղ և թույլ կողմերը:

Արսեն. Կարծում եմ, իմ ուժեղ կողմը օդային պայքարում գնդակներ որսալն է:

Կարեն. Այսօրվա ֆուտբոլում դարպասապահի համար շատ կարևոր է ոտքով խաղը: Ես իմ ուժեղ կողմը դա եմ համարում, այսինքն պաշտպաններին օգնում եմ, խաղում եմ նրանց հետ: Մեր թիմի տղաները գիտեն, որ ես լավ եմ ոտքով խաղում ու ինձ վստահ փոխանցումներ են անում:

Դուք «Փյունիկում» և երիտասարդական հավաքականում կողք կողքի եք խաղում` փոխարինելով իրար: Ի՞նչ են ձեզ տալիս միասին մարզումները և ի՞նչ եք սովորում իրարից:

Արսեն. Բնականաբար, իրարից շատ բան ենք սովորում, նաև մեր մրցակցությունն է օգնում, որ լավ պատրաստվենք, մարզվենք ու դաշտում ցույց տանք, թե ինչի ենք ընդունակ: Իհարկե, մենք ընկերներ ենք ու անհրաժեշտ պահերին միշտ օգնում ենք իրար:

Կարեն. Առաջինը, ես Արսենի հետ պարապելուց մեծ հաճույք եմ ստանում: Երկրորդը, մրցակցությունը մեծանում է, ու ձգտում ես քիչ սխալվել, ավելի ես ուշադիր դառնում խաղերի և պարապմունքների ժամանակ: Միշտ հուշում ու օգնում ենք իրար ու չենք նեղանում իրարից: Եթե Արսենը պարապմունքի ժամանակ ինձ ինչ-որ դիտողություն է անում, ես դրանից երբեք չեմ նեղանում: Մի տարի է մենք ճանաչում ենք իրար ու այս ընթացքում դարձել ենք իսկական ընկերներ ու կապ չունի ինքն իմ մրցակիցն է թե ոչ:

Ո՞վ է ըստ քեզ ժամանակակից ֆուտբոլում լավագույն դարպասապահը:

Արսեն. Իկեր Կասիլիասն է ամենաուժեղը, նա միշտ անհրաժեշտ պահերին փրկում է իր թիմին, իսկական դարպասապահը հենց այդպիսին պետք է լինի:

Կարեն. Երևի Իկեր Կասիլիասը: Չէ երևի չէ, ինձ համար ինքն է լավագույնն այսօր: Ես Կասիլիասից 2 սմ եմ կարճ, ու ես սիրում եմ իրա ոտքով խաղը, ռեակցիան ու առհասարակ իր ոճը:

Դարպասապահները սովորաբար շատ ինֆորմացիա են իմանում հարձակվողների մասին: Նշեք առաջին բանը, որ խաղից առաջ պարտադիր պետք է իմանաք մրցակցի հարձակման գծի մասին:

Արսեն. Միշտ էլ պետք է իմանալ մրցակցի հարձակման գծի ուժեղ և թույլ կողմերի մասին, որպեսզի ավելի հեշտ լինի:

Կարեն. Դարպասապահը պետք է շատ սառնասիրտ լինի: Կապ չունի` ով է քո դեմ խաղում: Կարևորը չպետք է վախենաս հակառակորդից: Ինձ համար տարբերություն չկա, ով էլ լինի` Յուրա Մովսիսյանը, թե մեր երիտասարադական հավաքականից Հովհաննես Հովհաննիսյանը, ես շատ լուրջ եմ պատրաստվում ու մտնում խաղադաշտ:

Ո՞ր ֆուտբոլիստը չես ցանկանա, որ քո դարպասին 11 մետրանոց իրացնի:

Արսեն. Լեոնել Մեսսին, որովհետև կարծում եմ նրա իրացրած 11 մետրանոցը անհնար կլինի որսալ:

Կարեն. Դարպասապահի համար դժվար է 11 մետրանոցը, 50-50 է հավանականությունը, որ կորսաս գնդակը, անկախ նրանից ով է իրացնում:

Սովորաբար ինչպե՞ս եք պատրաստվում 11 մետրանոց հարվածների և ինչպե՞ս եք գուշակում հարվածի ուղղությունը:

Արսեն. Փորձում եմ մինչև վերջին վայրկյանը գուշակել, թե որ կողմն է ընթանալու գնդակը, դրանից հետո միայն ցատկ եմ կատարում:

Կարեն. Մինչև հարվածելը մտածում եմ, որ ուղղությամբ պետք է ցատկեմ, բայց կարող է պատահել, որ վերջին պահին լրիվ հակառակ ուղղությամբ ցատկեմ: Լինում է նաև, որ մնում եմ տեղում կանգնած:

Հայաստանում ֆուտբոլը շատ մեծ քայլերով է զարգանում, ու եթե մոտ ապագայում ձեզ առաջարկություն անեն եվրոպական որևէ ակումբից, որտե՞ղ կցանկանաք հայտնվել:

Արսեն. «Բարսելոնայում»:

Կարեն. Ես շատ եմ սիրում Անգլիայի առաջնությունն ու շատ կուզենայի «Արսենալում» խաղալ, դա իմ մեծ երազանքն է: Ես աշխատում եմ դրան հասնել, թե երբ կլինի` հինգ տարուց, թե տասը, չգիտեմ, բայց ես ձգտելու եմ դրան:

Ո՞րն է եղել ձեր ամենատպավորիչ save-ը:

Արսեն. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի առաջին խաղում Մոնտենեգրոյի դեմ սխալ թույլ տվեցի, ու մրցակիցը կրճատեց հաշիվը` այն դարձնելով 3:1: Մեկ րոպե չանցած, նորից վտանգավոր պահ ստեղծեցին մեր դարպասի մոտ, ես այս անգամ անսխալ գործեցի, այլապես հաշիվը 3:2 կդառնար, ու մեր հավաքականը դժվարին վիճակում կհայտնվեր , հնարավոր է հանդիպումն էլ այլ ելք ունենար: Մենք հաղթեցինք 4:1 հաշվով, և ես անչափ ուրախ էի:

Կարեն. Այս տարվա Չեմպիոնների Լիգայում «Վիկտորիայի» դեմ պատասխան խաղում մի քանի անգամ փրկեցի թիմին: Այդ խաղում մի քանի անմոռանալի save արեցի:

Լինում են խաղեր, երբ դարպասապահները այդքան էլ բան չեն ունենում անելու ու հիմնականում, այսպես ասած, դիտորդի դերում են լինում: Դժվար չէ՞ հետևել ընկերների խաղին:

Արսեն. Եթե անելու բան չկա, ուրեմն թիմը լավ է խաղում, իսկ եթե թիմը լավ է խաղում, ինձ մնում է միայն հիանալ:

Կարեն. Դարպասապահը միշտ պետք է զգոն լինի: Կարող է ողջ հանդիպման ժամանակ քո դարպասի մոտ վտանգավոր իրավիճակներ չլինեն, այսպես ասած, առանց գործ մնաս: Բայց ֆուտբոլում ամեն վայրկյան կարող է վտանգավոր պահ ստեղծվել, ու դու պետք է փրկես թիմին:

Կան դարպասապահներ, որոնք շատ են սիրում հուշել խաղընկերներին: Դուք այդպիսին ե՞ք:

Արսեն. Ես ել միշտ շատ եմ հուշում, որպեսզի և նրանց համար հեշտ լինի և ինձ: Ու բացի այդ միշտ ավելի լավ է, երբ դաշտում թիմակիցները շփվում են իրար հետ, դա շատ կարևոր է:

Կարեն. Ամեն խաղից առաջ ես որոշում եմ, որ պետք է հանգիստ լինեմ: Բայց խաղի ժամանակ չի ստացվում, մտահոգվում եմ թիմի համար: Բայց շատ կարևոր է, որ դարպասապահը հանգիստ լինի: Երբ տղաները զգում են, որ իրենց թիկունքն ապահով է, ավելի վստահ են գործում:

Կարևոր խաղից առաջ սովորաբար հանգի՞ստ եք քնում:

Արսեն. Ոչ, շատ վատ եմ քնում:

Կարեն. Մարդ կա խաղից առաջ կամ հետո չի կարողանում քնել, բայց ես նման խնդիր չունեմ: Խաղից մի ժամ առաջ միգուցե ինչ-որ լարվածություն լինի, բայց մի օր կամ մի քանի օր առաջ նորմալ է: Փորձում եմ նույնիսկ չմտածել խաղի մասին:

Եվ վերջում, Արսեն Պետրոսյանի և Կարեն Իսրայելյանի ֆուտբոլային երազանքը:

Արսեն. Երազում եմ ուժեղ դարպասապահ դառնալ, պաշտպանել մեր հավաքականի դարպասը և Անգլիայի առաջնությունում խաղալ:

Կարեն. Որ ես լինեմ մեր ազգային հավաքականի դարպասապհն, ու մենք դուրս գանք Եվրոպայի ու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ ու լավ հանդես գանք այնտեղ:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News
---